Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան էներգետիկ հսկան չի թաքցնում, որ ցանկանում է դառնալ Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատերը


«Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ընկերության ղեկավար ներակայացուցիչը ուրբաթ օրը Երեւանում հայտարարեց, որ ՌԱՕ ԵԷՍ-ը ցանկանում է հետագայում դառնալ հունիսի 23-ից ՌԱՕ ԵԷՍ խմբի մեջ մտնող «ԻնտերԷներգո» ընկերության կառավարմանը հանձնված Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատերը:

«ՌԱՕ ԵԷՍ-ի խմբի մաս կազմող ընկերությունը սկսեց իրականացնել Հայաստանի էլեկտրացանցերի կառավարումը՝ ինչպես ընկերության բաժնետոմսերի իրավունքների կառավարման, այնպես էլ պոտենցիալ եկամուտների տնօրինման տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, բաժնետոմսերի սեփականության իրավունքը առաջվա պես պատկանում է «Միդլենդ»-ին: Այսինքն՝ սեփականատերը «Միդլենդ ռիսորսիզ»-ն է: Այսօր մենք բաժնետոմսերի սեփականտերը չենք: Ցավոք դա այդպես է եւ առա’յժմ դա այդպես է», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԱՕ ԵԷՍ ընկերության ղեկավարներից Միխայիլ Մանտրովը:

Սա նշանակում է, որ եթե անգամ ՌԱՕ ԵԷՍ-ի ինտերնետային էջում տեղադրված հաշվետվության տվյալը «սխալ է ընկալվել» շատերի կողմից, ապա գոնե արտացոլել է ՌԱՕ-ԵԷՍ-ի իրական մտադրությունները: Միխայիլ Մանտրովը այսօր հաստատեց դա. - «Թրաստը ձեւակերպված է, եւ դա կապված է նրա հետ, որ այս ակտիվը մեզ համար իրոք ռազմավարական նշանակություն ունի, եւ մենք կցանկանայինք դրանով մեզ վերապահել հետագա ձեռքբերման իրավունքը»:

Հարցին, թե ինչո՞ւ այս ամենի մասին չի տեղեկացվել Հայաստանի կառավարությունը, Մանտրովը անսպասելի պատասխան տվեց. - «Կառավարման մասին պայմանագիրը չի ներկայացվել Հայաստանի կառավարությանը, քանի որ կառավարությունը նման պահանջ չի ներկայացրել»:

Միխայիլ Մանտրովն ավելացրեց, որ կառավարման իրավունքը «Ինտեռ-ՌԱՕ» ընկերությունը ստացել է 99 տարով: Ինչ վերաբերում է ընկերության ինտերնետային էջում տեղադրված հաշվետվությանը, որտեղ հստակ գրված է, որ ՌԱՕ ԵԷՍ-ը ձեռք է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը, ապա Մանտրովը պարզաբանեց, թե «ֆինանսական հաշվետվությունների միջազգային չափանիշների տեսանկյունից «ձեռք բերել» կամ «ունենալ» հասկացությունը նույնն է, ինչ «ընկերության վեահսկողության իրականացումը»: Այսինքն՝ եթե բաժնետոմսերը կառավարման են վերցված, հաշվապահական տեսանկյունից դա կարելի է որակել իբրեւ ձեռքբերում»:

Անդրադառնալով Համաշխարհային բանին ու USAID-ի դժգոհությանը, Մանտրովը ասաց, որ անցած երկուշաբթի հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ եւ՝ «մի շարք էական հարցերի շուրջ մենք նույնանման մոտեցում ունենք»:

«Նախ այն հարցում, որ Հայաստանի օրենսդրական դաշտը պետք է հարգվի, երկրորդ, որ Հայաստանի էլեկտրացանցերին ռազմավարական ներդրող է հարկավոր եւ որ այդ ներդրողը պետք է ունենա երկարաժամկետ ներկայություն, լինի ֆինանսապես ուժեղ ու կայուն», - ավելացրեց Մանտրովը:

Ասուլիսին ներկա «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը հարցին, թե ինչու՞ է «Միդլենդ ռիսորսիզ»-ը ուզում վաճառել ցանցերը, եթե դա շահութաբեր բիզնես է», պատասխանեց. - «Պարզապես սեփականատերերը գտել են, որ այս պահին իրենց հետաքրքրում են այլ բիզնեսներ»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG