Մատչելիության հղումներ

Վլադիմիր Հարությունյանը հրաժարվում է ցուցմունք տալ


«Վլադիմիր Հարությունյանը, ով մեղադրվում է մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի ելույթի ժամանակ նռնակ նետելու մեջ, հրաժարվում է ցուցմունք տալ եւ օգտվում է լռելու իր իրավունքից», - ուրբաթ օրը հայտնել է Թբիլիսիի դատախազ Գեորգի Գվինիաշվիլին: Նրա վկայությամբ, Հարությունյանը նաեւ հրաժարվել է անձնական փաստաբանից, եւ դատախազությունը նշանակել է պետական դատապաշտպան:

Դատախազը հայտնել է նաեւ, որ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվելու ծանրացուցիչ հանգամանքներում հակաահաբեկչական կենտրոնի աշխատակից Զուրաբ Կվլիվիձեի սպանության համար: «Նման հանցանքի համար առավելագույն պատիժը Վրաստանում ցմահ բանտարկությունն է», - տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն աղբյուրի համաձայն, առայժմ հայտնի չէ, թե երբ է Հարությունյանին մեղադրանք ներկայացվելու Ազատության հրապարակում նռնակ նետելու համար:

Հարությունյանը ձերբակալության ժամանակ վիրավորվել է եւ գտնվում է հիվանդանոցում: Ավելի վաղ հաղորդվել է, որ նա բժիշկներին խոստովանել է, թե հենց ինքն է նետել նռնակը, սակայն բժիշկները դա արժանահավատ չեն համարել՝ հաշվի առնելով նրա շոկային վիճակը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG