Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական Կիպրոս - Ադրբեջան ավիաչվերթը կիրականացվի հուլիսի 27-ից


Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պաշտոնապես թույլատրել է ադրբեջանական Imair Airlines ընկերությանը իրականցնել Բաքու-Լեֆկոշա-Բաքու ավիաչվերթը:

Վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը՝ ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ որոշումը կայացվել է Թուրքական Կիպրոսի արտգործնախարարության թույլտվությունը ստանալուց հետո:

Հաղորդվում է, որ առաջին չվերթը Բաքվից կիրականցվի հուլիսի 27-ին:

Շաբաթասկզբին «Հյուրիեթ» թերթի հարցազրույցում Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը հայտնել էր, թե «Կիպրոսի հունական համայնքը Ադրբեջանին սպառնում է ուղիղ ավիաչվերթ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ»:

Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի հետ հարաբերությունների մերձեցմանն ուղղված քայլերը կնպաստեն Կիպրոսի թուրքական համայնքի միջազգային մեկուսացման վերացմանը, իսկ հունական համայնքի «սպառնալիքներին վիճակված չէ իրականություն դառնալ»:

Հունիսի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի՝ Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են ամեն կերպ աջակցել Հյուսիսային Կիպրոսի միջազգային մեկուսացման վերացմանը: Որպես այդ նպատակին ուղղված առաջին քայլ, նշվել էր Ադրբեջանի եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG