Մատչելիության հղումներ

Նախագահ Բուշի ուղղությամբ նետված նռնակը հայաստանյան արտադրության չէ


Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը հերքել է արտասահմանյան որոշ լրատվամիաջոցներով տարածված տեղեկությունը, թե մայիսի 10-ին Թբիլիսիում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ուղղությամբ նետված նռնակը հայաստանյան արտադրության է եղել:

Շահսուվարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նռնակը չէր կարող արտադրված լինել Հայաստանում, քանի որ «ներկայումս Հայաստանում նռնակներ չեն արտադրվում»:

Որոշ տեղեկություններով, նռնակների արտադրություն Հայաստանում եղել է անցած դարի 90-ականների սկզբներին, սակայն հետագայում արտադրությունը դադարեցվել է, քանի որ ձեռնտու չի եղել ու մեծ են եղել տեխնիկական ծախսերը:

Մինչդեռ, «Կավկազպրես» լրատվակական գործակալությունը հաղորդում է, որ չորեքշաբթի ուշ երեկոյան ձերբակալված կասկածյալը՝ 27-ամյա Վրաստանի քաղաքացի, հայազգի Վլադիմիր Հարությունյանը, երեկ Թբիլիսիում ենթարկվել է վիրահատության: Հարությունյանը վիրավորվել էր Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների հետ փոխհրաձգության ժամանակ:

Վրաստանի առողջապահության նախարարության աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG