Մատչելիության հղումներ

logo-print

Միխեիլ Սահակաշվիլի. «Հարությունյանը ցանկանում էր հարված հասցնել Վրաստանի հեղինակությանը»


Հոլանդիայից հինգշաբթի օրը Թբիլիսի վերադարձած Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վլադիմիր Հարությունյանը «փորձել է ոչ թե պայթեցնել երկու նախագահներին, այլ հարված հասցնել Վրաստանի հեղինակությանը եւ միջազգային համբավին»:

«Վրաստանի հատուկ ծառայությունները օր-օրի ավելի են հմտանում, եւ քաղաքացիները կարող են հանգիստ լինել, քանի որ ամեն ինչ արվում է նրանց անվտանգությունը ապահովելու համար», - Սահակաշվիլու խոսքերն են մեջբերում միջազգային լրատվական գործակալությունները:

Վրաստանի հեռուստաալիքները հինգշաբթի օրը եթեր են հեռարձակել տեսաժապավեն, որում Վլադիմիր Հարությունյանը իրեն մեղավոր է ճանաչում մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարելու մեջ:

«Ես եմ նետել այդ նռնակը Բուշի վրա: Նացեք եւ ավելի լավ ծառայեք նրան, նա, միգուցե, ձեզ մեդալ տա», - ասել է Հարությունյանը Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Գուրամ Դոնաձեին:

Վրաստանի Գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Վարդանյանի հետ Թբիլիսում երեկ կայացած հանդիպումից հետո հայտնել է, որ առաջիկայում Հուրությունյանին մեղադրանք կառաջադրվի նախագահ Բուշի դեմ մահափորձ կատարելու համար:

«Կասկածյալը Վրաստանի քաղաքացի է, միջադեպը տեղի է ունեցել Վրաստանում, եւ, բնականաբար, դա ոչ մի առնչություն չունի Հայաստանի հետ: Բոլոր տեղեկություններն ու ապացույցները մենք առայժմ փնտրում ենք Վրաստանում: Դրանք հենց այստեղ են», - հայտարարել է Ադեիշվիլին:

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը նախագահ Բուշի դեմ մահափորձի բացահայտումը համարել է «աննախադեպ» եւ շնորհակություն հայտնել Վրաստանի իրավապահ մարմիններին իրականացված գործողությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG