Մատչելիության հղումներ

Մտավորականների ֆորումը պատրաստում է Երեւանում համաժողովրդական հավաք կազմակերպելու կոչ


Հայաստանի մտավորականների ֆորումը, օրերս ընդունել է հայտարարություն, որ առայժմ հրապարակման ենթակա չէ: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, մինչդեռ, ֆորումի ավագանին կոչ է անելու հուլիսին Երեւանում կազմակերպել համաժողովրդական հավաք՝ հետագա անելիքների ծրագիր ընդունելու համար:

«Առավոտ» օրաթերթի հրապարակած տեղեկության առիթով, թե ֆորումն ընդդիմադիր մի շարք կուսակցությունների կոչ է արել ամռանը չգնալ հանգստանալու, մշտական հանրահավաքների շարք սկսել՝ հաշվի առնելով երկրի ճգնաժամային իրավիճակը, Մտավորականների ֆորումի ավագանու քարտուղար Լեւոն Բաբամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այս պահին ոչ մի մեկնաբանություն չի տրվում այդ կապակցությամբ: Բոլոր մեկնաբանությունները կլինեն մյուս շաբաթվա վերջում»:

«Առավոտ»-ի հրապարակած տեղեկություններով, կոչն ընդդիմադիրներից ուղղված է «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀԺԿ, «Նոր Ժամանակներ», Ազատական-առաջադիմական կուսակցություններին: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, մտավորականների ֆորումի ավագանու կոչն ուղղված է Հայաստանի բնակչությանն ու, վերոհիշյալ ուժերից բացի՝ այլ կուսակցություններին:

Ֆորումի ավագանու անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն ասաց, թե հայտարարության բովանդակային նրբություններին ծանոթ չէ: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ճգնաժամային իրավիճակի մասին է խոսքը, Ղազարյանը ասաց. - «Ֆորումը չի համարում, որ դա նոր ստեղծված իրավիճակ է... Պարզապես խորացել է ճգնաժամը, եւ այդ խորացումը նկատվում է ոչ միայն իշխանամետ կուսակցություններում, այլ անգամ ընդդիմության մեջ. այստեղ էլ անգամ կա տարաձայնություն կապված սահմանադրական փոփոխությունների քննարկման հետ՝ մասնակցել-չմասնակցել այդ քննարկումներին Ազգային ժողովում»:

«Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, չմանրամասնելով, ասաց, որ միշտ էլ պատրաստ են եղել համագործակցել Մտավորականների ֆորումի հետ՝ երկիրն այս իրավիճակից դուրս բերելու հարցերում եւ ընդունել են այդ առիթով նրանց արած՝ Կլոր սեղանի մասնակցելու հրավերը, որին ՀԺԿ-ն նպատակահարմար է գտնում նաեւ «Արդարություն» դաշինքի մյուս բոլոր կուսակցությունների մասնակցությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG