Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը հաստատել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղին օժանդակություն հատկացնելու առաջարկը


Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների ՍԵնատը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկել է 2006 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանին 75, Լեռնային Ղարաբաղին՝ 3 մլն դոլարի օժանդակություն հատկացնելու առաջարկի օգտին։

Այսպիսով Սենատը հաստատեց անցյալ ամիս Արտաքին Հատկացումների ենթահանձնաժողովի, ապա՝ նաեւ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը, ըստ որի հատկացվելիք գումարը 20 մլն դոլարով ավելի է տարվա սկզբին Բուշի վարչակազմի կողմից Կոնգրեսին ներկայացրած առաջարկից։

Ընդ որում, այս տարի առաջին անգամ վարչակազմը Լեռնային Ղարաբաղին օժանդակություն հատկացնելու մասին առաջարկը ներկայացրել էր առանց հայկական լոբբիի միջամտության։

Հաշվի առնելով, որ այս տարի նկատելի անկում են ապրել նախկին Խորհրդային երկրների համար նախատեսված հատկացումները, Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Սենատի մեծամասնութեան ղեկավար, Հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Ուիփ Միչ Մաքքոնելին, ինչպես նաեւ ենթահանձնաժողովի անդամներին՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի օգնության չափը պահպանելու համար։

«Քանի դեռ շարունակվում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի բարոյազուրկ շրջափակումը, ամերիկյան օգնությունը անհրաժեշտ է շրջափակման ազդեցությունը չեզոքացնելու համար», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը։

Նախկին Խորհրդային Միության երկրներին 2006 թվականին կհատկացվի 565 մլն դոլարի օժանդակություն, ինչը 17 տոկոսով ավելի է Բուշի վարչակազմի կողմից ներկայացված առաջարկից։

Չորեքշաբթի օրը Սենատի ընդունած որոշումը նախատեսում է նաեւ 5 մլն դոլար՝ ռազմական ֆինանսավորման եւ 750 հազար դոլար՝ Հայաստանում Միջազգային զինվորական կրթություն եւ մարզումներ իրականացնելու համար։ Նպատակը Հայաստանի եւ նրա արեւմտյան ռազմական գործընկեր երկրների միջեւ հաղորդակցական համակարգը բարելավելն է։

2006 թվականին ահաբեկչության դեմ պայքարի, ականազերծման եւ նման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանը կստանա 700 հազար դոլարի օժանդակություն։

Որոշումն ուժի մեջ մտնելու համար հաջորդ քայլը Ներկայացուցիչների Տան ու Սենատի միջեւ տարաձայնությունները հարթելն է՝ եթե այդպիսիք լինեն։

Վրաստանն ու Ադրբեջանը համապատասխանաբար կստանան 70, 5 եւ 38 միլիոն դոլար։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG