Մատչելիության հղումներ

Հրաժարականի դիմում է ներկայացրել տրանսպորտի եւ կապի փոխնախարարը


Հայաստանի տրանսպորտի եւ կապի փոխնախարար, անկուսակցական Հայկ Ճշմարիտյանը երեքշաբթի օրը հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ:

Նշված պաշտոնում 2,5 տարի աշխատած Հայկ Ճշմարիտյանի անունը վերջերս մամուլում կապվել էր Երեւանում նորաբաց շքեղ՝ հինգաստղանի «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որո՞նք են հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառները, Ճշմարիտյանը պատասխանեց. - «Որպեսզի ներդրումները Հայաստանի Հանրապետությունում շարունակվեն»:

Նա հրաժարվեց մանրամասնել, թե ինչու է իր հրաժարականը անհրաժեշտ Հայաստանում ներդրումների շարունակականությունը ապահովելու համար՝ ասելով, թե շուտով կհրապարակվի իր հայտարարությունը այդ կապակցությամբ:

Հարցին, թե արդյո՞ք հրաժարակի դիմումը կապ ունի «Գոլդեն Փելես» հյուրանոցի հետ, Հայկ ճշմարիտյանը պատասխանեց. - «Ոչ, իմ հրաժարականը կապ ուներ օտարերկրյա ներդրումների հետ»:

Նա նաեւ հերքեց «168 ժամ» շաբաթաթերթի հրապարակումը, թե ինքը ասել է, որ «Գոլդեն Փելես»-ը իրենն է:

«Ես այդպիսի բան չեմ ասել... Ես ընդհանրապես այդ թերթին չեմ ճանաչում: Ես ընդհանրապես խոսակցություն չեմ ունեցել, եւ այդ թերթը չեմ էլ ճանաչում»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG