Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ում այսօր տպագրված է «Մեդիամաքս» գործակալության հետ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հարցազրույցը, որում դեսպանը նշում է. - «Միացյալ Նահանգները գտնում է, որ 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում կայանալիք ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար եւ այդպես ընկալվեն ինչպես հայ ընտրողների, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից... Այս տարածաշրջանում որոշ այլ ընտրությունների դասը պետք է չափազանց պարզ ու հստակ լինի ցանկացած մեկի համար, ով գայթակղություն կունենա կեղծել ընտրությունների արդյունքները: Մարդիկ հիմար չեն եւ կհայտնաբերեն դա, ինչը կառաջացնի մեծ խնդիր՝ հղի ահռելի ռիսկերով»:

«ԱՄՆ դեսպանատան մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Ջոն էվանսը օրերս իր տանը հանդիպել է «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ», - փոխանցում է «Իրավունք»-ը՝ տեղեկացնելով, որ, ինչպես Արամ Զավենի Սարգսյանի պարագայում, Ստեփան Դեմիրճյանի հետ առանձնազրույցի ընթացքում եւս դեսպանը կարեւորել է «ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը՝ նշելով, թե ԱՄՆ կառավարությունը միջազգային հանրության հետ համատեղ սպասում են 2007- 2008 թվականներին Հայաստանում կայանալիք ընտրություններին»: Ջոն Էվանսը, ըստ թերթի, հավելել է, թե «ԱՄՆ կառավարությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշերին»:

«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով Վրաստանի հայաբնակ շրջաններում վերջին ամիսներին հաճախակի դարձած միջադեպերին, եզրահանգում է. - «Պարզ վերլուծությունը ստիպում է մտածել, որ առնվազն դրանց հաջորդող եւ դրանցից սնվող քարոզչական աղմուկը միարժեքորեն քաղաքական ենթատեքստ ունի. սրել հայ-վրացական հարաբերություններն ու ապակայունացնել իրադրությունը օր-օրի «ձեռքից փախչող» այս տարածաշրջանում»: «Բնականաբար, դա ձեռնտու է նրան, ում ձեռքից էլ տարածաշրջանը փախչում է. այսինքն՝ Մոսկվային», - շեշտադրում է մեկնաբանը:

«Գոլոս Արմենիի»-ի գնահատմամբ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը «ցանկացած առիթով վիրավորում է հայ ժողովրդի զգացմունքները՝ կոշտ եւ անընդունելի ձեւակերպումներով ներկայացնելով անձնական սուբյեկտիվ տեսակետերը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ»: Ըստ թերթի, Ադրբեջանը «գրավել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Նրանց սիրելի բառի ուղղակի իմաստով՝ «օկուպացրել է»: «Ակամա մտածում ես՝ արդյո՞ք ժամանակը չէ տվյալ դեպքում խախտել հայկական ավանդական գերհանդուրժողականությունը», - մտորում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը:

«Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ Հայաստանը այսպիսի խիստ շրջափակման պայմաններում կարողանում է ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգանալ: Եվ եթե կարգավորման հերթական փաթեթի առաջարկները մեզ համար լինեն անընդունելի, այն կմերժվի: Մենք կարող ենք անորոշ երկար ժամանակ շարունակել ապրել եւ զարգանալ՝ ինչպես անցած տարիներին», - «Հայոց աշխարհ»-ում ասում է Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով. - «Չկա մի բան, որի դիմաց կհամաձայնենք հրաժարվել Ղարաբաղից»:

Նույն թերթում քաղաքագետ Սուրեն Զոլյանը դիտարկում է. - «Եթե նախկինում Ադրբեջանում այդպիսի հարց առհասարակ չէին ուզում քննարկել, հիմա գոնե տեսականորեն ընդունում են ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի ձեւով... Սա, ըստ իս, այն առաջարկներից է, որ, այս պահի դրությամբ, մեզ որքան էլ չեն բավարարում, այնուհանդերձ, կարող են հիմք ընդունվել որպես բանակցությունների սկիզբ»:

«Ժամանակին, երբ խոսակցություններ էին հնչում, թե կարգավորման ինչ-որ փուլում ազատագրված տարածքների մի մասը կարող է եւ վերադարձվել, երկրապահները խանչալները հանում էին, աջ ու ձախ բոլորին «ազգի դավաճաններ» հռչակում ու սարսափազդու հայտարարություններ ընդունում՝ «Ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով», - հիշեցնում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ արձանագրելով. - «Այս անգամ դրանք խոսակցություններ չեն: Այս անգամ դա ասում են համանախագահները, իշխանությունները չեն հերքում, իսկ երկրապահները հերոսաբար լռում են»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանի հայացքով, սահմանադրական բարեփոխումների խնդիրը ոչ թե պատճառ է, այլ սոսկ պատեհ առիթ «Արդարություն» դաշինքի «սահմանադրական մեծամասնության» եւ «հեղափոխական փոքրամասնության» վերջնական տարանջատման համար:

«Ակնհայտորեն ամեն ինչ տանում է նրան, որ «Հանրապետություն»-ը հայտարարի «Արդարություն» դաշինքից դուրս գալու մասին», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը: - «Կուսակցության քաղխորհրդում երեկ նաեւ բուռն քննարկումներ են տեղի ունեցել կուսակցության անդամ Ազգային ժողովի պատգամավորի մանդատները վայր դնելու եւ հեղափոխական գործունեություն սկսելու մասին»:


«Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր անընդհատ խոսում են հեղափոխությունից, բայց որեւէ գործողություն նրանց կողմից մենք չենք տեսնում», - «Իրավունք»-ում ասում է ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը:

«Մենք թույլ չենք տա այս պահին մեր հասցեին ավել-պակաս բարբաջեն: «Ազգային միաբանություն»-ը հասկանում է սեփական տնտեսական եւ քաղաքական շահերը հետապնդող թե’ իշխանամետ, թե’ ընդդիմադիր դաշտի որոշ ուժերի իրարանցումն ու անհանգստությունը», - «Առավոտ»-ում հնչեցնում է «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: Թղթակցի հարցին էլ, թե հատկապես ո՞ր ընդդիմադիր ուժերին նկատի ունի, պատասխանում է. - «Այն ընդդիմադիր ուժերին, որոնք ժամանակին նույն 95-ի Սահմանադրության հեղինակներն են եղել: Եթե այսօր 95-ի համեմատ սահմանադրական առաջարկվող փոփոխությունները դրական լինեն, մենք պետք է գնանք դրան»: «Դա քմահաճություն է. ինչո՞ւ հրաժարվել երկրի ու ժողովրդի համար առաջընթացից», - «Գոլոս Արմենիի»-ում ասես շարունակում է Ալեքսան Կարապետյանը: - «Իրենց հայացքները երբեք չեն փոխում միայն հանգուցյալներն ու հիմարները»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ, հարկահավաքները, երբ հավաքվում են սեղանի շուրջ, հետեւյալ կերպ են խմում իրենց կենացը՝ «Եկեք սիրենք իրար, որովհետեւ մեզ ոչ ոք չի սիրում ու ոչ ոք մեր կենացը չի խմում»: Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը թերթին փոխանցել է. - «Այս տարվա առաջին կիսամյակում հարկերի հավաքագրման ցուցանիշն ավելացել է 28 տոկոսով»:

«Ամբիցիոզ փառատոն օտարների համար», - «Ոսկե ծիրան»-ն ամփոփում է «Հայոց աշխարհ»-ը:

Քաղաքական շաբաթն էլ ամփոփված է «Չորրորդ իշխանություն»-ում. - «Անցած շաբաթ Հայաստանի ներքաղաքական կյանքում առանձնապես ոչինչ տեղի չունեցավ. եւ սա, թերեւս, անցած շաբաթվա կարեւորագույն քաղաքական իրադարձությունն էր»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG