Մատչելիության հղումներ

Հայաստանյան շարժական հեռախոսակապի նախկին մենատեր «ԱրմենՏել»-ի բջջային կապի որակը հուլիսի սկզբից ի վեր շարունակում է մնալ գրեթե կաթվածահար վիճակում՝ հարուցելով բաժանորդների արդարացի բողոքները:

Ոչ մի կերպ հաջողվում պարզել կապի որակի կտրուկ վատթարացման պատճառները:

«Համեմատած առաջին օրերի հետ, [բջջային կապի որակը] բարելավվել է», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը հավաստիացրեց «ԱրմենՏել»-ի մամուլի քարտուղարի օգնականը: - «Պատճառը դեռ չի պարզվել, բայց աշխատանքներ են տարվում»:

Բաժանորդները, սակայն, շատ ավելի հոդաբաշխ ու ըմբռնելի բացատրությունների են սպասում. թե երբ է վերջապես «ԱրմենՏել»-ի առաջարկած շարժական հեռախոսակապի ոլորտում իրավիճակը բարելավվելու ու շտկվելու: Մինչդեռ առայժմ հայտնի էլ չէ, թե երբ է նորմալ կապ լինելու շարժական հեռախոսակապի փոքրիկ պահանջարկ ունեցող հայաստանյան շուկայում, ինչպես հայտնի չէ, թե ով է պատասխան տալու չտրամադրված ծառայությունների համար եւ արդյոք կլինի՞ որեւէ փոխհատուցում:

Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ինքը ամեն օր «ԱրմենՏել»-ի ղեկավարությունից պահանջում է «շուտափույթ վերացնել թերությունները»:

«Եթե այսպես շարունակվի, ապա այն սանկցիաները, որ մենք կարող ենք կիրառել, կկիրառենք», - ավելացրեց Մանուկյանը՝ նկատի ունենալով «օրենքով եւ թիվ 60 լիցնեզիայի փոփոխված տարբերակով նախատեսված» պատժամիջոցները:

Մանուկյանը ասաց, որ «ԱրմենՏել»-ը Գերմանիայից եւ Հունաստանից մասնագետներ է հրավիրել՝ պարզելու երեւույթի պատճառները եւ վերացնելու դրանք:

«Ցավոք սրտի, դրական արդյունք չունենք», - ասաց նա:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG