Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 16-ը հուլիսի)

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Ղարաբաղի հակամարտության կողմերը ներկայումս փորձում են համաձայնության գալ «հանրաքվեի հնարավոր ժամկետների եւ Լեռնային Ղարաբաղի անցումային կարգավիճակի վերաբերյալ»:

«Խաղեր բոլոր նոմինացիաներում» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, անդրադառնալով արտաքին եւ ներքին հիմնահարցերին, պատկերում է. - «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում հակամարտության կողմերը, Մինսկի խմբի համանախագահների արբիտրաժի ներքո, կառուցողականության յուրատեսակ մրցույթ են հայտարարել»: Թերթի հայացքով, ակնհայտ է, որ ուժերի այս ստուգատեսում անվիճելի առաջատարը Հայաստանն է՝ «հայկական կողմի համար համանախագահների նույնիսկ ակնհայտորեն անընդունելի առաջարկությունների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք, եթե չասենք՝ անհարկի «լայնախոհություն» հանդես բերելու իր պատրաստակամությամբ»: «Ներքին ճակատում ականատես ենք ճիշտ հակառակ պրոցեսին», - ուրվագծում է «Հայոց աշխարհ»-ը: - «Իշխանությունները ծով համբերություն են դրսեւորում հակառակ կողմի նկատմամբ, շարունակում խաղաղության համաձայնագիր կնքելու անպատասխան կոչեր ուղղել արմատական առաջնորդներին: Սրանք էլ ոչնչից հեղափոխություն սարքելու իրենց մարտավարության մեջ գնալով ավելի ու ավելի անզիջում են դառնում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ, ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության միջեւ լարումն այնտեղ է հասել, որ «Հանրապետություն» կուսակցության համար սկզբունքային հարցի՝ ընտրատարածքային հանձնաժողովներում դաշինքին պատկանող տեղերը անդամ-կուսակցությունների միջեւ բաշխելու քննարկումը կարող է անցնել առանց այդ կուսակցության: «Իսկ եթե նա մասնակցի էլ հաջորդ նիստին, ապա հենց այդտեղ էլ կկայանա վերջնական խզումը ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» միջեւ», - կանխազգում է թերթը:

«Արդարություն» դաշինքի երեկվա հայտարարությունը չմիացած «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայկական ժամանակ» թերթի տեղեկացմամբ, երեկ երեկոյան տարածել է հայտարարություն, ըստ որի «Հանրապետություն» կուսակցությունը «չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների բովանդակային քննարկումներին եւ վճռականորեն ոչ է ասում վարչախմբի նախաձեռնությանը»:

«Հայոց աշխարհ»-ը, արձանագրելով, որ «ԱրմենՏել»-ի բջջային կապը վատթարացավ, երբ բջջային կապի շուկա մուտք գործեց երկրորդ ընկերությունը՝ «ՎիվաՍել»-ը, նշում է. - «Հենց այդ հանգամանքն էլ առիթ դարձավ, որպեսզի լուրեր տարածվեն, թե «ՎիվաՍել»-ի մեկնարկն ու մայր օպերատորի բջջային ցանցի խափանումը փոխկապակցված երեւույթներ են»: Սա համարելով այլ քննարկման հարց՝ «Հայոց աշխարհ»-ը, այնուամենայնիվ, փաստում է. - «Բջջային կապի արդեն մրցակցային ոլորտում արձանագրված որոշակի փաստերն ինքնին խոսուն են: «ՎիվաՍել» - «Ղ-Տելեկոմ»-ը, սկսելով իր գործունեությունը, դրա մեջ ներգրավեց «ԱրմենՏել»-ի կամ այդ ընկերությունից դուրս եկած ինժեներատեխնիկական մասնագետներին», - շարունակում է թերթը՝ բերելով նաեւ կոնկրետ օրինակ. - «Ընդհուպ մինչեւ այս տարվա փետրվարը «ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրեն աշխատած Յանիս Կրալիսը ներկայումս աշխատում է «ՎիվաՍել»-ում»:

Անդրադառնալով «ԱրմենՏել»-ի երեկվա հայտարարությանը, ուր ընկերությունը տեղեկացնում է, թե բջջային ցանցը շարունակաբար բարելավվում է, «Ազգ»-ը վրդովվում է. - «Նման արտահայտությունը կարող է հունից հանել բջջային կապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի, քանի որ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»: «ԱրմենՏել»-ի վերջին պատմությունից «Ազգ»-ը տարածվում-ընդհանրացնում է. - «Նման վերաբերմունքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում ոչինչ են ոչ միայն քաղաքական ելույթները, գործիչների խոստումները, հակակոռուպցիոն եւ էլի մի շարք «հակա» տեսակների պայքարները, այլեւ պետական այրերի բարձրագոչ խոսքերը, տնտեսավարող սուբյեկտների տնտեսավարումը, մարդու իրավունքների, սպառողների, ընդհանրապես քաղաքացու շահերի պաշտպանությունը... Մեզանում բոլորը կարող են անել ինչ ցանկանում, ինչպես ցանկանում եւ երբ ցանկանում են»:

«Գոլոս Արմենիի»-ին, ներկայացնելով իր զրուցակցին, նշում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Սահակյանը աշխատել է նաեւ ՌԱՕ ԵԷՍ-ում, ժամանակին եղել է Հայաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանի կառավարությունում, հիմա «ԱՖա» կոնցեռնի ղեկավարն է, որը նախկինում ապահովում էր Հայաստանի ատոմակայանի համար միջուկային վառելիք ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը: Թերթի հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի բաշխիչ ցանցերի վաճառքին, նա հայտնում է, որ մեկ տարի առաջ ՌԱՕ ԵԷՍ-ի ղեկավարների կողմից անձամբ իրեն առաջարկ է արվել որպես միջնորդ զբաղվել Հայաստանի բաշխիչ ցանցերի վաճառքով: Խոսք է եղել նաեւ Հայաստանի քաղաքական դաշտում «Աֆա» կոնցեռնի գործունեության անհրաժեշտության մասին: «Ավելին՝ Հայաստանում տվյալ գործարքի դեմ որոշակի դիմադրություն առաջանալու դեպքում, ինձ առաջարկվում էր ներքաղաքական իրավիճակը սրելու գործողությունների դիմել: Բնականաբար, առաջարկվում էին նաեւ ֆինանսական անհրաժեշտ երաշխիքներ», - բացահայտում է նախկին պատգամավորը՝ ասելով, թե ինքը հրաժարվել է այդ գործարքից: Ասելով նաեւ, թե ՌԱՕ ԵԷՍ-ի փոխնախագահ Անդրեյ Ռապոպորտը տնօրինում է Հայաստանի էներգահամակարգի ֆինանսական ներքին հոսքերի 100 տոկոսը, վերահսկում է էլեկտրակայաններում արտադրվող ու արտահանվող էլեկտրաէներգիայի 80 տոկոսը, Տարոն Սահակյանը ամփոփում է. - «Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի ողջ էներգահամակարգը վերահսկում են որոշակի մարդիկ, դա ոչ միայն ֆինանսական շահ ստանալու, այլեւ լուրջ քաղաքական խնդիրներ որոշելու գործիք է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG