Մատչելիության հղումներ

Կիպրոսի հույները մտադիր են ուղիղ չվերթ բացել դեպի Ղարաբաղ


«Կիպրոսի հունական համայնքը Ադրբեջանին սպառնում է ուղիղ ավիաչվերթ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ, սակայն դա նրանց չի հաջողվի», - «Հուրիեթ» թերթի հարցազրույցում հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախագահ Մեհմեթ Ալի Թալաթը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Թալաթը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի հետ հարաբերությունների մերձեցմանն ուղղված քայլերը կնպաստեն Կիպրոսի թուքական համայնքի միջազգային մեկուսացման վերացմանը, իսկ «հունական համայնքի սպառնալիքներին վիճակված չէ իրականություն դառնալ»:

«Համոզված եմ, որ այդ սպառնալիքները խոսքից այն կողմ չեն գնա», - հայտարարել է Թալաթը:

Հունիսի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի՝ Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են ամեն կերպ աջակցել Հյուսիսային Կիպրոսի միջազգային մեկուսացման վերացմանը: Որպես այդ նպատակին ուղղված առաջին քայլ նշվել էր Ադրբեջանի եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու պատրաստակամությունը:

Իսկ կիրակի օրը Ռուսաստան մեկնելուց առաջ Թուրքիայի վարչապետը նշել էր, թե «Ադրբեջանի նման քայլերը նշանակում են Հյուսիսային Կիպրոսի անկախության «դե-ֆակտո» ճանաչումը»:

«Հույս ունեմ, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերը կշարունակվեն», - ասել էր Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG