Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Ստրավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում վերջին կես տարվա ընթացքում երկրորդ անգամ պղծվել է քաղաքի հիմնադիր հայերին նվիրված հուշարձանը:

Վկայակոչելով Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարում լույս տեսնող «Երկրամաս» թերթը՝ «Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ օրերս անհայտ անձինք ջարդել են հուշաքարի շուրջ տեղադրված ջահերը, վնասել խաչքարը, կամարի տակ կատվի դիակ են գցել: Այդ հանգամանքը, ըստ «Երկրամաս» թերթի, թույլ է տալիս ենթադրել, որ կատարվածը «ինչ-որ սատանայական աղանդի գործ է եւ ունի ծիսակարգային բնույթ»:

Իսկ շաբաթ օրը այրվել է կառուցվող Սբ. Հարություն հայկական եկեղեցու ցանկապատը, կրակը վնաս է հասցրել նաեւ եկեղեցուն: Դա տեղի է ունեցել օրը ցերեկով, եւ ժամանակին տեղ հասած հրշեջներին հաջողվել է հանգցնել կրակը:

Վկաները կասկած չունեն, որ եկեղեցին դիտմամբ է հրդեհվել: Չի բացառվում, որ այդ գործողությունների կազմակերպիչները նպատակ ունեն սրել ազգամիջյան հարաբերությունները քաղաքում, քանի որ պղծված համալիրը ընկալվում է որպես հայ-ռուսական բարեկամության հուշարձան:

«Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերի» համալիրի բացումը տեղի է ունեցել 2004 թվականի հոկտեմբերի 17-ին: Համալիրը ներառում է 8 մետրանոց կամար, խաչքար եւ քարերից կոմպոզիցիաներ: Կամարի տակ տեղադրված է զանգ, իսկ կամարի երկու կողմում հայերեն եւ ռուսերեն գրված է՝ «1799-2004. Սուրբ Խաչ»:

Առաջին անգամ հուշարձանի վրա բարբարոսական հարձակումը տեղի է ունեցել այս տարվա փետրվարին:

Բուդյոնովսկ քաղաքը (Սուրբ Խաչը) հիմնադրվել է 1799 թվականին՝ Ղարաբաղից գաղթած հայերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG