Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները վերահաստատում են «զգալի առաջընթացը» ղարաբաղյան բանակցություններում


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցի ավարտին ուրբաթ օրը Երեւանում վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում «զգալի առաջընթացը»:

«Այն, ինչ մենք անվանում ենք Պրահայի գործընթաց, նպաստել է, որպեսզի մենք առաջ շարժվենք», - Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների ավարտին հրավիրած ասուլիսում ասաց ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: - «Իսկ առաջընթացը հնարավոր է դարձել, քանի որ կողմերը ոչ միայն հայտարարել են, թե պատրաստ են փոխզիջումների, այլեւ եկել-հասել են այնպիսի սահմանի, որ մենք արդեն աշխատում ենք ձեւակերպումների վրա»:

Մերզլյակովը իր եւ իր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների անունից ներկայացրեց նաեւ, որ նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի վարշավյան հանդիպումից հետո համանախագահներն առավելապես աշխատում են ձեւակերպել «ապագա կարգավորման հիմնական սկզբունքները»:

«Ուզում եմ ընդգծել, որ դա աշխատանք է արդեն բուն ձեւակերպումների վրա», - հավելեց նա: - «Կողմերը հիմա քննարկում են կարգավորման հիմք ձեւավորելու սկզբունքները կամ առանցքային բաղադրամասերը»:

Տարածաշրջանային ավարտված այցի արդյունքը Մինսկի խմբի համանախագահները համարում են այն, որ օգոստոսի վերջին Կազանում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին օգոստոսի 23-ին կնախորդի արտգործնախարարներ Օսկանյանի եւ Մամեդյարովի հանդիպումը Մոսկվայում:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կողմերը համաձայնության հասնեն մինչեւ տարեվերջ՝ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը ասաց. - «Մենք հիմա լուրջ հիմքեր ունենք լուրջ առաջընթաց ունենալու: Զգալի առաջընթաց վերջին մեկ տարում կատարվել է: Դեռեւս կան բարդագույն խնդիրներ, սակայն առկա են օբյեկտիվ հիմքեր, որոնք թույլ կտան հասնել որոշակի լուծումների մինչեւ տարեվերջ»:

Ամերիկացի դիվանագետը, այդուհանդերձ, հավելեց, որ կողմերի միջեւ «տարաձայնություններ էլ գոյություն ունեն»:

«Ի վերջո, երկու նախագահներն են որոշելու, թե ինչպես է լուծվելու խնդիրը», - իր հերթին ասաց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG