Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը սահմանադրական քննարկումներին մասնակցելու նախապայմաններ է առաջադրում


Ուրբաթ օրը «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը բուռն քննարկումներից հետո հրապարակեց Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների նոր փաթեթը գնահատող հայտարարությունը՝ գտնելով, որ դրանում բացակայում են սահմանադրական փոփոխությունների քննարկումներին խմբակցության մասնակցության համար անհրաժեշտ պայմանները:

«Նախագծում իրականացվել են որոշակի փոփոխություններ մեր կողմից բազմիցս ներկայացված սկզբունքներն իրացնելու ուղղությամբ, սակայն կատարված քայլերը ամբողջական չեն եւ չեն կարող գնահատվել որպես 2005 թվականի հունվարի 19-ի հրապարակային ներկայացված 3 սկզբունքային մոտեցումների լիարժեք իրականացում», - ասված է խմբակցության հայտարարությունում:

Ընդդիմադիր խմբակցությունը, մասնավորապես, գտնում է, որ հավելյալ փոփոխություններ պետք է կատարվեն «իշխանությունների բաժանման եւ հավասարակշռելիության, դատական իշխանության անկախության եւ տեղական ինքնակառավարման հարցերում»:

Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորների կարծիքով, եթե նախագահի կողմից նշանակված վարչապետի կառավարության ծրագիրը չի արժանանում Ազգային ժողովի վստահությանը, ապա Ազգային ժողովին պետք է տալ ինքնուրույն կառավարություն ձեւավորելու իրավունք: Խմբակցությունը պնդում է նաեւ, որ պետք է ամրագրել, որ եթե Արդարադատության խորհուրդը առաջարկում է դատավորնի կամ դատարանի նախագահների նոր թեկնածուի, ապա հանրապետության նախագահը պարտավոր է նշանակել նրան:

Երրորդ պահանջը վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրությանը. «Արդարության» պատգամավորները գտնում են, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագծով լուծված չէ մայրաքաղաքի քաղաքապետի ուղղակի ընտրության հարցը եւ ամրագրված չեն համայնքապետերին պաշտոնանկ անելու հիմքերը:

Ելնելով այս ամենից, «Արդարություն» խմբակցությունը հայտարարում է, որ միայն այս պահանջների կատարման դեպքում կմասնակցի սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

«[«Արդարություն» խմբակցությունը] վերահաստատում է իր բոլոր նախորդ պահանջները եւ գտնում է, որ դրանց չկատարումը խորացնելու է հասարակության անվստահությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ եւ կասկածի տակ է դնելու հանրաքվեի արդյունքները», - ասված է հայտարարությունում:

«Արդարություն» խմակցության անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ապա «եւս մեկ անգամ ցույց կտան, որ ի վիճակի չեն իրական բարեփոխումներ իրականացնել»:

«Մնում է մեկ ելք՝ այս իշխանություններից օր առաջ հրաժարվել, որպեսզի մենք կարողանանք իրականացնել համակարգային փոփոխություններ», - հավելեց նա:

Ինչ վերաբերում է օգոստոսի 29-ի ԱԺ արտահերթ նիստին մասնակցել-չմասնակցելու խնդրին, ՀԺԿ ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա իրենք «ուղղակի կօգտագործեն Ազգային ժողովի ամբիոնը եւ ժողովրդին կոչ կանեն «ոչ» ասել այդ սահմանադրական փոփոխություններին:

«Արդարություն» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությունը, մինչդեռ, շարունակում է ընդդիմանալ որեւէ համագործակցությանը «անօրինական» իշխանությունների հետ:

«Մենք վստահ ենք, որ [ներկայիս իշխանությունները] ռեսուրս չունեն բարեփոխումների համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սմբատ Այվազյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG