Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքերի մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն


Հինգշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքներով, թուրքերի մեծամասնությունն ուզում է, որ երկիրն անդամակցի Եվրամիությանը: Եվրոպայի երկրներում, մինչդեռ, հարցի նկատմամբ վերաբերմունքը խիստ տարբեր է:

Pew կենտրոնի վերջին հարցման համաձայն, Եվրամիությանն անդամակցությանը կողմ է Թուրքիայի բնակչության 68 տոկոսը: Հարցված բրիտանացիների նույնքան տոկոսը, մինդեռ, դեմ է այդ երկրի անդամակցությանը Եվրամիությանը: Դեմ են նաեւ իսպանացիները (68 տոկոսը) եւ լեհերը (51 տոկոսը):

Իսկ ֆրանսիացիները (հարցվածների 66 տոկոսը), գերմանացիները (65 տոկոսը) եւ հոլանդացիները (53 տոկոսը), հակառակը, դեմ են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:

Կենտրոնի հարցումները նաեւ վկայում են, որ Թուրքիայի անդամակցության հեռանկարը ազդեցություն է ունեցել ֆրանսիացիների եւ հոլանդացիների կողմից Եվրամիության Սահմանադրությունը հանրաքվեով մերժելու գործում: Թուրքիայի անդամակցության հանդեպ բացասական վերաբերմունքը այս երկրներում պայմանավորված է նաեւ Թուրքիայից ներգաղթողների մեծ հոսքով:

Թուրքիայում հարցվածների 47 տոկոսը կարծում է, որ իսլամի դերը գնալով ավելի է մեծանում իրենց երկրում: Ընդ որում՝ հարցվածների կեսը դա բացասական է գնահատում:

Անցյալ շաբաթ լոնդոնյան ահաբեկչությունից հետո անցկացված այս հարցման արդյունքներով, Եվրամիության բոլոր երկրներում հարցվածների կարծիքով, իսլամը ամենաագրեսիվ կրոնն է: Նման կարծիք են արտահայտել, մասնավորապես, ֆրանսիացիների 87 եւ հոլանդացիների 88 տոկոսը:

Գերմանիայի ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Անգելա Մերկելը (ով, ի դեպ, հարցումների համաձայն, Գերմանիայի հաջորդ կանցլերը դառնալու ամենամեծ շանսերն ունի) հինգշաբթի օրը դարձյալ անիրատեսական է համարել Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության հեռանկարը: Մերկելը զգուշացրել է, որ Եվրամիությունը կարող է «Թուրքիայում հակառակ, վտանգավոր արձագանք առաջացնել՝ ի սկզբանե անիրատեսական ակնկալիքներ տալով Թուրքիային»:

«Ես անհնար եմ համարում մի իրավիճակ, երբ մենք սկսենք քաղաքական մակարդակում քննարկել Թուրքիայի անդամակցությունը՝ իմանալով, որ որոշ եվրոպական երկրներում մեծամասնությունը երբեք կողմ չի քվեարկի Թուրքիայի անդամակցությանը», - ասել է Անգելա Մերկելը: - «Եթե դա տեղի ունենա, բացասական արձագանքը Թուրքիայի հասարակության կողմից արդարացիորեն շատ ավելի մեծ կլինի, քան այն դեպքում, եթե հարցին ի սկզբանե մի փոքր ավելի ազնիվ մոտեցում ցուցաբերվի: Ես չեմ կարծում, որ այսօրվա մոտեցումը պատասխանատու է»:

Թուրքիայի անդամակցության դեմ օրերս ելույթ է ունեցել նաեւ Եվրախորհրդարանում ֆրանսիացի պատգամավոր Ժակ Տուբոնը:Ավարտվող շաբաթասկզբին անդարադառնալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Թուրքիայի բանագնաց Ալի Բաբաչանի ելույթին, ֆրանսիացի պատգամավորն ասել է, թե «Թուրքիան պետք է որոշակի չափանիշերի համապատասխանի բանակցությունները սկսելուց առաջ»:

«Մինչդեռ իր ելույթում Ալի Բաբաչանը որեւէ նշանակալի բան չասաց այնպիսի նուրբ խնդիրների մասին, ինչպիսիք են Կիպրոսը, Հայաստանը, ազգային փոքրամասնությունների իրավունքները եւ կրոնական ազատություները», - ասել է ֆրանսիացի պատգամավորը՝ ավելացնելով, որ Թուրքիան չի կարող Եվրամիության մաս լինել, քանի որ այն «բոլորովին այլ քաղաքական եւ մշակութային արժեքներ ունի»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG