Մատչելիության հղումներ

logo-print

Անդրանիկ Մանուկյան. «Կարս - Ախալքալակ երկաթուղու բացմամբ Հայաստանը կարող է հայտնվել շրջափակման մեջ»


Հայաստանի տրասպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է մասնակցել աբխազական երկաթուղու վերանորոգման աշխատանքներին եւ պատրաստ է ցուցաբերել տեխնիկական աջակցություն:

Հայաստանի կառավարությունում հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ են մեծ գումարներ՝ շուրջ 150 մլն դոլար, որի ապահովումը զուտ վրացական եւ ռուսական երկաթգծերի խնդիրն է։

«Ինչքան այդ երկաթգիծը պետք է մեզ, այնքան էլ պետք է նրանց» - ասել է նախարարը եւ ավելացրել. - «Վրաստանն այսօր որեւէ ելք չունի Ռուսաստան, նրա ելքը միայն Ադրբեջանի տարածքով է՝ 720 կիլոմետր, որի համար վճարում է շատ մեծ գումարներ»։

Անդրադառնալով Կարս - Ախալքալակ երկաթուղու շինարարության հնարավորությանը, Անդրանիկ Մանուկյանն ասել է, որ «այդ երկաթուղին Հայաստանի համար ձեռնտու չէ, եւ Հայաստանն ամեն ինչ անում է դրա կառուցումը թույլ չտալու համար»:

Նախարարը հիշատակել է Եվրամիության ՏՐԱՍԵԿԱ ծրագիրը, որտեղ Կարս - Ախալքալակ երկաթուղու մասին խոսք չկա, փոխարենը՝ նշված է Գյումրի - Կարս երկաթուղին:

«Հնարավոր բոլոր միջոցներով մենք փորձում ենք ապացուցել շահագրգիռ կողմերին, որ երկաթուղու շինարարությունը սխալ, ոչ շահավետ եւ շատ թանկ է: Բացի այդ, Կարս - Ախալքալակ երկաթուղու բացումը լիովին կշրջափակի Հայաստանը», - հայտարարել է Անդրանիկ Մանուկյանը:

Այլ կարծիքի է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը, ում խոսքերով, Հայաստանը «շրջափակման մեջ չէ»:

«Եթե Հայաստանը շրջափակման մեջ լիներ՝ չէր կարողանա բեռներ ստանալ: Իսկ Հայաստանն այսօր իր համար անհրաժեշտ բեռները ստանում է Վրաստանի եւ Իրանի տարածքով», - «Թրենդ» գործակալությանը հինգշաբթի օրը ասել է Պանախովը:

Խոսելով աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորության մասին, Պանախովը նշել է, թե «դա առայժմ միայն գաղափար է, որը չի իրագործվում քաղաքական հիմնախնդիրների պատճառով»:

Նրա կարծիքով, նախագիծը հեռանկարային չէ, քանի որ ԽՍՀՄ օրոք Սուխումի - Թբիլիսի - Երեւան երկաթուղին օգտագործվում էր միայն ուղեւորափոխադրումների համար:

«Երկաթուղու բնույթը թույլ չի տալիս բեռներ տեղափոխել այդ երթուղով, ինչը նախագիծը դարձնում է որ հեռանկարային», - ամփոփել է Ադրբեջաի տրանսպորտի փոխնախարարը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG