Մատչելիության հղումներ

Բրյուսելում լրացուցիչ քննարկվել է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողության ծրագրի ներկայացման փաստաթուղթը


Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Քաղաքական-ռազմական ուղղորդող կոմիտեի եւ Քաղաքական կոմիտեի Հայաստանի հետ համատեղ նիստում, որ հրավիրվել էր Դաշինքի նախաձեռնությամբ, լրացուցիչ քննարկվել է Հայաստանի Անհատական գործընկերության գործողության ծրագրի (ԱԳԳԾ) ներկայացման փաստաթուղթը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, հաղորդելով տեղեկությունը, հիշեցնում է, որ փաստաթուղթն առաջին անգամ քննարկվել էր հունիսի 16-ին կայացած Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանի մասնակցությամբ:

Երեկվա նիստը նախագահում էր Անվտանգության համագործակցության եւ գործընկերության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, Հարավային Կովկասում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

Հայաստանի պատվիրակության կազմում էին փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, ՀՀ ռազմական ներկայացուցիչ Դավիթ Տոնոյանը:

Կիրակոսյանը եւ Աղաբեկյանը պարզաբանել են ԱԳԳԾ-ի քաղաքական նպատակային ուղղվածությանը, պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման առնչվող խնդիրներ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները՝ դրվատելով Հայաստանի մշակած ներկայացման փաստաթուղթը, մի շարք հարցեր են ուղղել Հայաստանի պատվիրակությանը, որոնց տրվել են մեկնաբանող պատասխաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG