Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի տեղեկություններով, հուլիսի սկզբին Վաշինգտոնում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի օրերին Հայաստանի պատվիրակության անդամների եւ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննի տեղակալի հանդիպման ժամանակ վերջինս հայտարարել է. - «Հայկական ուժերի կողմից հինգ շրջանների վերադարձման հարցն արդեն կարգավորված է եւ այլեւս քննարկման առարկա չէ: Մնում է լուծել ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված այլ հարցեր»:

Վերլուծելով Ղարաբաղի կարգավորման հարցում մամուլում շրջանառվող տարբերակը՝ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը եզրակացնում է. - «Փաստորեն «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքը փոխակերպվում է «տարածքներ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ձեւական ճանաչման եւ մինչեւ հանրաքվեն ադրբեջանցիներին վերադարձի դիմաց» բանաձեւով: Ստացվում է, որ ազատագրված տարածքները պարպելու փոխարեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը այսօր ստանալու են սոսկ ապագա հանրաքվեի արդյունքները ճանաչելու խոստում, որի իրականացումը 10-15 տարի անց բախվելու է տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի առնվազն երկու շրջանների դեմոգրաֆիական կացության փոփոխության ակնհայտ փաստերին», - ուրվագծում է «Հայոց աշխարհ»-ը՝ ամփոփելով. - «Այս ամենի հետեւանքով ունենալու ենք Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածով Արեւմտյան Հայաստանին տրված, բայց այդպես էլ չօգտագործված հնարավորության՝ թղթե շերեփի հայտնի պատմության կրկնությունը, բայց՝ արդեն Լեռնային Ղարաբաղում»:

«Եթե Վենետիկի հանձնաժողովը համարում է, որ Սահմանադրության լրամշակված նախագիծն ընդունելի է, ես կարծում եմ, որ սա յուրօրինակ շանս է, որպեսզի բոլորս միասին պաշտպանենք այդ նախագիծն ու հանրաքվեն: Հակառակ պարագայում՝ ով որ դա չարեց, դիտվելու է որպես ժողովրդավարական գործընթացները խոչընդոտող ուժ, եւ դա արդեն գնահատվելու է ոչ թե մեր ներքին քաղաքական շահարկումների ենթատեքստում, այլ գնահատվելու է ամենաբարձր ու հեղինակավոր ատյանի կողմից», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ընդգծում է Դաշնակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, հանրաքվեն լինելու է «2007-ի խորհրդարանական ընտրությունների նախերգանքը»: «Եթե ընդդիմության դիմադրության պայմաններում հանրաքվեն հաջողի, դա լրջորեն փակելու է ընդդիմության ճանապարհը հաջորդ ընտրություններում որեւէ հաղթանակ արձանագրելու համար: Իսկ եթե նրանց ջանքերով հանրաքվեն տապալվի, ապա նրանք պատասխան են տալու թե’ միջազգային հանրության եւ թե’ Հայաստանի ժողովրդի առաջ, որ կասեցրել են ժողովրդավարության զարգացումը», - նախանշում է կոալիցիայի ներկայացուցիչը՝ շեշտադրելով. - «Հանրաքվեն լինելու է նաեւ ժողովրդի «այո»-ն այս կամ այն քաղաքական ուժին»:

Նույն թերթի փոխանցմամբ, «Արդարություն» խմբակցության անդամ կուսակցություններին, ինչպես նաեւ «Ազգային միաբանությանն» է տրվել այդ երկու խմբակցությունների համատեղ քաղաքական հայտարարության նախնական տեքստը, որը կհաստատվի կամ չի հաստատվի ուրբաթ օրը կայանալիք «Արդարություն» խմբակցության նիստում: «Համատեղ հայտարարությունում ասված է. դեռեւս բացակայում են բավարար պայմանները սահմանադրական բարեփոխումների ամբողջ գործընթացում խորհրդարանական ընդդիմության համագործակցության համար», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը:

Արձանագրելով, որ կավատության համար մեղադրվողները դատարաններում պայմանական ժամկետներ են ստանում՝ «Առավոտ»-ի խմբագրականը նշում է. - «Այդ առեղծվածը չափազանց հեշտ է վերծանվում: Հիշյալ բիզնեսով, որը կապված է արտասահմանյան վիզա ստանալու հետ, հնարավոր չէ զբաղվել առանց իրավապահ մարմինների աջակցության: Հայաստանցի բոսսերն այստեղ միջանկյալ օղակ են, իսկ բուրգի վերեւում Հայաստանում կանգնած են մեր իրավապահները, որոնք բռնված կավատներին «իշմար» են տալիս՝ ոչինչ, մենք տեր ենք, թեթեւակի կդատվեք, որից հետո մենք կշարունակենք մեր համատեղ բիզնեսը»:

Ազգային ժողովի միջանցքներում շրջած «Հայոց աշխարհ»-ի թղթակցի վկայությամբ, չնայած Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրամանով պատգամավորների այս տարվա հերթական արձակուրդը մեկնարկում է հուլիսի 18-ին, բայց խորհրդարանի միջանցքները «պայթում են լռությունից»: «Պատգամավորների համար խորհրդարանի ամենասիրելի հարկաբաժնում նույնիսկ՝ ճաշարան-բուֆետում լիակատար անդորր էր. ո’չ ընտիր ու սառը տեղական լիմոնադը, ո’չ գարեջուրը, ո’չ համեղ ու մատչելի թաբուլեն, ո’չ էլ ԱԺ ճաշարանի ֆիրմային ուտեստ մսե միջուկով «Քրազի» կարտոֆիլը (200 գրամը՝ 250 դրամ) չեն գայթակղում հայրենի լորդերին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG