Մատչելիության հղումներ

Ուկրաինայի վարչապետը պատրաստվում է այցելել Իրան


Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նախատեսում է առաջիկայում այցելել Իրան՝ Ուկրաինայի գազամատակարարման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:

«Իմ հաջորդ գործուղումը լինելու է Իրան, քանի որ Ռուսաստանից հետո այնտեղ են աշխարհի բնական գազի ամենամեծ պաշաները… Փաստորեն, դիվերսիֆիկացիա ասվածը հենց դա է», - «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, երեքշաբթի օրը հայտարարել է Տիմոշենկոն:

Iran.ru ինտերնետային էջի փոխանցմամբ, իրանական եւ թուրքմենական գազը որպես Ռուսաստանից ներմուծվող գազի այլընտրանք օգտագործելու մասին հայտարարություններ Ուկրաինայի կառավարությունը սկսել է անել այս տարվա ապրիլի կեսերից:

Միեւնույն ժամանակ, «Իրան - Ուկրաինա» գազատարի կառուցման նախագիծը, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, բավական անհավանական է թվում:

Այս կապակցությամբ մեջբերվում է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, որ «Իրան - Հայաստան» գազատարի՝ Վրաստանի տարածքով այնուհետեւ դեպի Ուկրաինա եւ Եվրոպա շարունակելու մասին բանակցություններ Հայաստանի կառավարության հետ ոչ ոք չի վարել:

Մեկնաբանելով այս հարցում Եվրամիության շահագրգռվածության, մասնավորապես՝ 5 միլիարդ դոլար հատկացնելու մասին ուկրաինական լրատվամիջոցների տարածած լուրը՝ Մովսիսյանը ասել էր. - «Եվրամիությունը այս ծրագրի համար ոչ մի կոպեկ չի հատկացնում, ամբողջ գումարը տրամադրելու է Հայաստանի կառավարությունը»:

«Բացի այդ, Իրանն այժմ զբաղված է իր միջուկային ծրագրերով եւ չի ցանկանա Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող Ուկրաինայի պատճառով վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ», - ամփոփում է Iran.ru-ն:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG