Մատչելիության հղումներ

«Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը կնշանակի դրա վերջնական կորուստը Ադրբեջանի համար»


Ադրբեջանցի քաղաքագետները միակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում 10-15 տարվա ընթացքում անկախության հարցով հանրաքվե անցկացնելը Ադրբեջանի համար կնշանակի վերջնականապես կորցնել Ղարաբաղը:

Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցություններում «արդեն համաձայնեցվել են շատ հարցեր»՝ դրանց թվում նշելով նաեւ 10-15 տարվա ժամկետում Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:

Ադրբեջանցի քաղաքագետները գտնում են, որ պաշտոնական Բաքուն հասկանում է հանրաքվեի բոլոր բացասական հեռանկարները, սակայն «խաղաղ համաձայնության ձգտում է Արեւմուտքը»: Եթե հակառակ ազգային շահերի՝ Իլհամ Ալիեւը գնա նման քայլի, ապա Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին կստանա Արեւմուտքի աջակցությունը, «ինչը կնշանակի վերահսկելի խորհրդարան եւ վարչակազմին սպառնացող վտանգների նվազում»: Սակայն, հասարակության մեջ կարող է նաեւ լինել դժգոհության պայթյուն «պարտվողական համաձայնության» կապակցությամբ, եւ այդ դեպքում արդեն «իշխող վերնախավին ոչինչ չի փրկի»:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն «Թուրան» գործակալությանը հայտնել է, թե Ադրբեջանի կառավարությունը ոչ մի դեպքում չպետք է համաձայնի հանրաքվեի անցկացմանը:

«Հայերը Ղարաբաղում հանրաքվե արդեն անցկացրել են, եւ կասկած չկա, որ նրանք նորից կքվեարկեն անկախության օգտին», - նշել է Գուլուզադեն:

Իսկ Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմետ Հաջիզադեի կարծիքով, հանրաքվեի անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, քանի որ «հանրաքվեն կարող է անցկացվել միայն երկրի ամբողջ տարածքում»:

«Եթե պատկերացնենք, որ պաշտոնական Բաքուն համաձայնի նման տարբերակի՝ դա կնշանակի ազգային շահերի դավաճանություն եւ դժգոհության պայթյուն», - ասել է նա՝ ավելացնելով, թե «այդ համաձայնությունները անհնար կլինի իրականացնել»:

«Գրավյալ տարածքներում հանրաքվեի անցկացումը անհնար է, եւ նման տարբերակ իրականացնելու փորձերը դատապարտված են», - իր հերթին ասել է քաղաքագետ Էլդար Նամազովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG