Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարությունը 2.4 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Հայաստանի իրավապահ կառույցներին


Չորեքշաբթի օրը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կստորագրեն ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության, այս նոր փոփոխությամբ Միացյալ Նահանգները Հայաստանին կտրամադրի 2 միլիոն 411 հազար դոլար, որը կուղղվի վեց նախագծերի իրականացմանը: Նախագծերը ներառում են իրավապահ մարմինների համար ռեգիոնալ համակարգչային ցանցի ձեւավորում, իրավապահ կառույցների ակադեմիայի զարգացում, հակաթրաֆիքինգային աջակցություն, սահմանապահ ու մաքսային կառույցների ռեգիոնալ ուսումնական կառույցների զարգացում, քրեական օրենսդրության բարեփոխումներ ու իրավական սոցիալականացման ծրագիր:

2001 թվականի հունիսի 11-ին նամակ-համաձայնագրի ստորագրումից ի վեր Հայաստանի իրավապահ կառույցներին տրամադրվել է ավելի քան 5 միլիոն դոլարի աջակցություն:

Իրականացվել կամ ավարտին են մոտենում մի շարք նախագծեր. համակարգչային դասասենյակների ու այլ դասասենյակների կահավորում ոստիկանական ակադեմիայում, ոստիկանության ուսումնական կենտրոնում, դատախազության ուսումնական կենտրոնում, համակարգչային սարքավորումների տրամադրում արտգործնախարարության ու դատախազության հակաթրաֆիքինգային գրասենյակներին ու փորձագիտական կենտրոնին, եւ իրեղեն ապացույցների հավաքման սարքավորումների տրամադրում ոստիկանությանը, ոստիկանական ակադեմիային ու փորձագիտական կենտրոնին:

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ երկրի քրեական արդարադատության համակարգը արդիականացնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG