Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում խաղարկային լիամետրաժ, վավերագրական եւ «Հայկական համայնապատկեր» մրցույթների մասնակից ֆիլմերի ցուցադրությունից զատ, կինոարվեստով զբաղվողներն ու կինոյով հետաքրքրվողներն այս օրերին հնարավորություն կունենան շփվելու տաղանդավոր ռեժիսորների ու դերասանների հետ:

Փառատոնի մասնակիցների թվում են Կրժիշտով Զանուսսին, Նիկիտա Միխալկովը, Ատոմ Էգոյանը, Աբաս Քիարոսթամին, Յոս Ստելլինգը, Ռոման Բալայանը, Պիտեր Վինտոնիկը, Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը եւ այլոք:

Փառատոնի բացման կաակցությամբ հրավիրված ասուլիսին այսօր եկել 3 մրցույթների ժյուրիների նախագահները՝ խաղարկային լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանը, վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Ռուբեն Գեւորգյանցը եւ «Հայկական համայնապատկեր»-ի նախագահ Գարեգին Զաքոյանը:

«Ընտրությունը շատ դժվար է լինելու, քանի որ փառատոնի համար ընտրված ֆիլմերի մի մասն արդեն իսկ ցուցադրվել է այլփառատոներում, այնպես որ դրանք շատ բարձր որակի ու մակարդակի են», - ասաց կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ ավելացնելով, թե փառատոնի հաջողության գրավականը կլինի այն, որ կինոթատրոնները լինեն լցված, իսկ մարդիկ, հատկապես երիտասարդները՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերեն փառատոնի հանդեպ:

«Ամեն ինչ լավ է կազմակերպված, կա մեծ ծրագիր, կան վարպետության դասեր, կան հիանալի հյուրեր, եւ հիմա արդեն հանդիսատեսի հերթն է օգտվել տրված հնարավորությունից», - ասաց Էգոյանը:

«Շատ ուրախ եմ, որ կա «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, որտեղ աշխարհի բոլոր հայերը հնարավորություն ունեն մասնակցել, եւ, երկրորդը՝ հայաստանցիները հնարավորություն են ստանում ծանոթանալ այդ աշխատանքներին», - իր հերթին ասաց «Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրիի նախագահ, կինոգետ Գարեգին Զաքոյանը:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG