Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել արդեն այս տարի


Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցություններում «արդեն համաձայնեցվել են շատ հարցեր», եւ կողմերը աշխատում են «համաձայնագրի տեքստում մնացած վերջին մի քանի տարաձայնությունները հարթելու վրա»: Հակամարտությունը կարող է կարգավորվել արդեն այս տարի կամ գալիք տարվա սկզբին:

Ստեղծված իրադրությունը, կարծես, շատ մոտ է քիուեսթյան փուլին (2001 թվականի ապրիլին), երբ բոլորը կարծում էին, թե համաձայնությունը կայացված էր եւ խնդիրը շատ կարճ ժամանակում լուծվելու էր: Նման մի փուլ կարող է սկսվել օգոստոսին Կազանում, երբ բանակցային սեղանի շուրջ հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Կազանում, ինչպես ակնարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը քննարկելու են հակամարտության լուծման համաձայնագրի տեքստը:

Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական առանցքը, ըստ աղբյուրի, 10-15 տարվա ժամկետում անցկացվելիք ժողովրդական հանրաքվեն է լինելու. ժողովրդին հնարավորություն է տրվելու որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը:

Հանրաքվեի տարբերակը շրջանառության մեջ է դրվել դեռեւս ամիսներ առաջ, սակայն այն ժամանակ խոսվում էր Ադրբեջանում եւ Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մասին, իսկ այսօր խոսքը միայն Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի մասին է:

Ընդ որում, մինչեւ դրա անցկացումը Ադրբեջանը փաստորեն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի այսօրվա դե ֆակտո կարգավիճակը, այսինքն՝ ինքնորոշման իրավունքը: Ղարաբաղի վերահսկողության տակ է մնում Լաչինը: Ինչ վերաբերում է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներին, ապա հինգ տարածք վերադարձվում է Ադրբեջանին՝ Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հնարավորության դիմաց:

Հանրաքվեում ղարաբաղցիները որոշելու են իրենց կարգավիճակը՝ միանալ Հայաստանին, մնալ Ադրբեջանի կազմում կամ դառնալ անկախ:

Շատ է խոսվել անվտանգության երաշխիքների մասին: Թե’ հայ, թե’ ադրբեջանցի դիվանագետները, ինչպես նաեւ միջազգային միջնորդները հայտնել են, որ հակամարտության գոտում տեղակայվելու են միջազգային խաղաղապահ ուժեր: Չէր նշվում, սակայն, թե կոնկրետ ինչ ուժեր: Ադրբեջանը միշտ դեմ է եղել, որ դրանց կազմում լինեն ռուս զինվորներ, իսկ Հայաստանը, իր հերթին, դեմ էր թուրքական ուժերի տեղակայմանը:

Դիվանագիտական աղբյուրների հաղորդած տեղեկություններով, խաղաղապահների հարցը նույնպես գրեթե լուծվել է. այն է՝ միջազգային խաղաղապահ ուժեր տրամադրող երկրները չպետք է լինեն Մինսկի խմբի անդամ: Սրանով բավարավում են թե’ Հայաստանի եւ թե’ Ադրբեջանի պահանջները, քանի որ ե’ւ Թուրքիան, եւ Ռուսաստանը անդամակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Բանակցային գործընթացին քաջատեղյակ աղբյուրները հայտնում են նաեւ, որ «փուլափաթեթային ձեւաչափի» լուծման այս տարբերակը ներառում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցը. համաձայնագրի ստորագրման պահից Թուրքիան վերաբացում է իր սահմանը Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանը ապաշրջափակում է հաղորդակցության ուղիները:

Բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, հակամարտության լուծումը «գրեթե գտնված է»: Դեռեւս հունիսի սկզբին Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյա «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ «շատ զգալի առաջընթաց է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ»:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG