Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները «անիմաստ» են համարում համագործակցության մասին խոսելը


«Արդարություն» դաշինքի եւ խմբակցության ուժերի տասնյակից ավելի ղեկավար ներկայացուցիչներ դաշինքի խորհրդի նիստում երկուշաբթի օրը երեք ժամից ավելի վերլուծել են Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին ուղարկված՝ Հայաստանի սահմանադրական փոխոխությունների բարեփոխված փաթեթը՝ գտնելով, որ ընդդիմության պահանջները «իրացված չեն»:

Դռնփակ քննարկումների ավարտին դաշինքի ղեկավարներից ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասաց. - «Դիրքորոշումը միաձայն միանշանակ է. այն երեք սկզբունքային հարցերում, որոնք ժամանակին համատեղ արել էին երկու խմբակցությունները՝ «Արդարություն»-ը եւ «Ազգային միաբանություն»-ը, իրացված չեն: Կատարված են միայն մասնակի քայլեր, բայց ամբողջությամբ իրացված չեն»:

«Տվյալ պարագայում խոսել այլ քայլերի մասին, համագործակցության մասին՝ անիմաստ է», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը: - «Երբ կիրացվեն վերջնականորեն այդ սկզբունքները, այդ դեպքում մենք նորից կանդրադառնանք»:

Դաշինքի մեկ այլ ղեկավար անդամ եւ խմբակցության պատգամավոր՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գնահատմամբ, Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակները «փորձում են ինչ-֊որ խորամանկությամբ առաջ գնալ՝ կարծելով, որ կարող են ե’ւ Եվրոպային խաբել, ե’ւ մեր ժողովրդին, ե’ւ ընդդիմությանը»:

«Դա չի հաջողվելու», - վստահեցրեց նա:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, անկախ պատգամավոր Սմբատ Այվազյանը սահմանադրական փոփոխությունների բարելավման գործընթացը որակեց «իմիտացիա»:

«Փորձում են քաղաքական համաձայնության դաշտ ցույց տալ եւ այստեղ անցկացնել Սահմանադրությունը», - շարունակեց Այվազյանը: - «Բոլորը եկան այն համոզման, որ կոալիցիան նորից փաստաթուղթ է ուղարկել Վենետիկ, որը ամենեւին չի համապատասխանում այն պահանջներին, որ ներկայացրել էր դաշինքը: Հետեւաբար, ես գտնում եմ, որ այս իշխանությունների հետ բացարձակապես անիմաստ է որեւէ նման կարգի փաստաթուղթ քննարկել»:

Ինչ վերաբերում է ընդդիմության բոյկոտը դադարեցնելու խնդրին, Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, այսօր մի անգամ էլ է արձրագրվել, որ դաշինքի որեւէ կուսակցություն կամ անդամ «հիմքեր չի տեսնում նույնիսկ այդ հարցին անդրադառնալու»՝ փաստարկելով. - «Որովհետեւ այն պահանջները, այն պատճառները, որոնք բերեցին բոյկոտին, վերացված չեն: Հետեւաբար այսօր դաշինքը այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկում»:

Նիստի այլ մասնակիցներ նույնպես պնդեցին, թե դաշինքի որեւէ ուժ հանդես չի եկել այս պահին սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցելու որոշում ընդունելու եւ բոյկոտը դադարեցնելու դիրքերից:

Դաշինքի խորհուրդը որոշել է նիստ գումարել նաեւ հուլիսի 15-ին եւ ընդունել «Արդարության» պաշտոնական հայտարարությունը: Առանձին հայտարարությամբ հանդես կգա «Հանրապետություն» կուսակցությունը:

Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիանի Բուկիկիոն, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, որ իր առաջին տպավորությամբ հանձնաժողովին ուղարկված փաթեթը «լավն է»:

«Բայց մենք դեռ պետք է այն հանգամանալի քննության առնենք», - ասաց Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը: - «Առաջին հայացքից, Հայաստանի իշխանությունները հաշվի են առել մեր առաջարկները»:

Նա ասաց, որ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ կլինի մինչեւ հուլիսի 20-ը: Բուկիկիոյի խոսքերով, ինքը, ամենայն հավանականությամբ, ներկա կլինի սահմանադրական փոփոխությունների՝ երկրորդ ընթեցմամբ քննարկմանը Ազգային ժողովում օգոստոսի վերջին:

«Մենք մոտենում ենք լավ արդյունքի», - շարունակեց նա: - «Իսկ որպեսզի հանրաքվեն հաջող ընթացք ունենա, հարկավոր է լավ քարոզչություն ծավալել՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, թե աշնանը անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն պետք է «անպայման հաջող ավարտ ունենա». - «Ուստի կանխավ հարկավոր է մարդկանց տեղյակ պահել սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը»:

«Ես լավատես եմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցը եզրափակեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը: - «Հայաստանի իշխանությունների կողմից մեր առաջարկներն ընդունելը լավ նշան է»:


Ռուզան Խաչատրյան եւ Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG