Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 9-ը հուլիսի)

Կոալիցիայի ստեղծման մասին հուշագրի ստորագրման երկամյա տարելիցի կապակցությամբ «Գոլոս Արմենիի» թերթը նշում է, թե դա ամրագրված պարտավորությունների իրականցման տեսակետից «ամենաչպարտադրող հուշագիրն է»: Թերթի նախանշմամբ, կոալիցիայի ամրության ամենամեծ փորձությունը կդառնան հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, քանի որ «շահերի բախումից դժվար թե հաջողվի խուսափել»: «Իսկ ամենամեծ պատասխանատվությունը կլինի նոյեմբերին գործող Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը», - գրում է «Գոլոս Արմենիի»-ին՝ չբացառելով, որ ամռան ընթացքում կառավարության առանցքային պաշտոններում կադրային վերադասավորումներ լինեն. - «Ճանապարհի կեսն անցած է, եւ ժամանակն է ամփոփել միջանկյալ արդյունքները եւ նշանակել մեղավորներին»:

Մի շարք թերթերում տպագրված «Դե -ֆակտո»-ի հարցազրույցում, արձագանքելով Գորան Լենմարկերի հայտարարությանը, թե չեն կարող թույլ տալ, որ Կովկասում մեծ թվով գաճաճ պետություններ ստեղծվեն, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը նշում է. - «Սա քաղաքական, այլ ոչ թե իրավական մոտեցում է: Ճանաչելով Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրոպայի մաս, պարոն Լեմնարկերը վտանգ է տեսնում գաճաճ պետությունների անկախության ճանաչման մեջ: Առաջնորդվելով նման տրամաբանությամբ՝ եվրոպացիները պետք է որ պայքար սկսեին նաեւ Մոնակոյի կամ Լյուքսեմբուրգի անկախության դեմ»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում մեկ բառով ներկայացված է Գորան Լենմարկերի զեկույցի վերաբերյալ Հայաստանի նախագահի գնահատականը: «Հավասարակշռված է», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Համադրելով Աթկինսոնի եւ Լենմարկերի զեկույցները՝ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը եզրահանգում է. - «Եթե նախկինում Դեյվիդ Աթկինսոնի զեկույցի միջոցով փորձ էր արվում ինչ-որ բան հասկացնել հայկական կողմին, ապա այսօր Գորան Լենմարկերի զեկույցի ու հայտարարությունների օգնությամբ նույնն արվում է Ադրբեջանի անհասկացող ղեկավարին կարգի հրավիրելու համար»:

Նույն թերթը, անդրադառնալով ղարաբաղյան բանակցությունների գործընթացին, ուրվագծում է. - «Փաստորեն քննարկվում է նախորդ բոլոր տարբերակների յուրահատուկ սինթեզը դարձած հետաձգվող հանրաքվեի մոդելը, որը, թվում է թե, թույլ է տալիս համադրել Ղարաբաղի կարգավիճակի հարցում կողմերի մոտ պահպանվող տրամագծորեն հակադիր տեսակետերը»:

Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ում դժգոհում է. - «Ես ինքս աշխատանքային խմբի անդամ եմ եւ որեւէ տեղեկություն չունեմ, թե Վենետիկի հանձնաժողովում քննարկվելուց ու Հայաստան վերադառնալուց հետո ինչ փոփոխություններ են կատարվել նախագծի վրա: Նախագիծն արդեն ուղարկվել է, եւ խորհրդարարանը, ըստ էության, վերջնական տեքստի մասին որեւէ պատկերացում չունի»: «Դժբախտաբար, շարունակվում է նույն վերաբերմունքը, որն ինձ մղում է մտածելու, որ Սահմանադրությունը ձախողելու նպատակ կա», - ենթադրում է Ռաֆիկ Պետրոսյանը՝ ավելացնելով. - «Տիգրան Թորոսյանը երեւի ուզում է ցույց տալ, թե ինքն է այդ Սահմանադրության հեղինակը եւ ինքն է ողջ գործընթացի պատասխանատուն՝ չհասկանալով, որ այսօրվա տեքստում հարյուրավոր սխալներ կան... Իմ տպավորությամբ, այս Սահմանադրությունը տեր չունի եւ այնքան թերի է, որ իրավաբանական համալսարանի մասնագետները ծիծաղում են այդ նախագծի վրա»:

Անդրադառնալով փաստին, թե կոալիցիոն գործիչները Վենետիկի հանձնաժողովին նախ առաջարկում էին մեր պատկերասրահում «Ջոկոնդա» չփնտրել, իսկ հետո համաձայնեցին հանձնաժողովի բոլոր առաջարկներին՝ տեղիք տալով ենթադրությանը, թե պատկերասրահում «Ջոկոնդա» է հայտնաբերվել, ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը «Առավոտ»-ում նկատում է. - «Ավելի շուտ հայտնաբերվել է «Անառակ որդու վերադարձը»»:

«Այն, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը «Միդլենդ ռեսորսիզ»-ը վաճառել է՝ թերեւս ոչ ոքի մոտ այլեւս կասկած չի առաջացնում: Այն, որ վաճառվել են մեր իշխանությունների ոչ հրապարակային դաբրոյով՝ դա էլ կասկածից վեր է», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը:

Նույն թերթը տեղեկացնում է, որ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով պետավտոտեսչության համակարգում ատեստացիա է անցկացվում, որի հիմնական նպատակը կադրերի զտումն է: Ատեստացիայի արդյունքում նախատեսված է 30 տոկոսով կրճատել պետավտոտեսուչների թիվը, եւ կրճատվածների փոխարեն նոր մարդիկ չեն ընդունվելու: Այսուհետ պետավտոտեսչությունում աշխատելու են միայն սպայական կոչում ունեցողները: Սակայն, ըստ «Հայկական ժամանակ»-ի, կոչումից բացի պետավտոտեսուչներին առաջադրվելու է մեկ այլ չափանիշ եւս. - «Ոստիկանության վերնախավում բանավոր կարգով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետավտոտեսուչ կարող են աշխատել այն անձինք, որոնց հասակը լինի առնվազն 170 սանտիմետր, իսկ քաշը 70 կիլոգրամից ոչ ավելի»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG