Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում կիրակի օրը Բաքու են ժամանել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցություն կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն եւ Սթիվեն Մաննը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը համանախագահները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում դռնփակ կոնսուլտացիաներ կանցկացնեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Շաբաթ օրը Գյոկչայի շրջանի բնակչության հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեը հայտարարել էր, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունները շարունակվելու են»:

«Կարծում եմ, որ դրական արդյունքը հնարավոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում նկատվող առաջընթացը: Հույս ունեմ, որ առաջընթացը ավելի մեծ կլինի», - նշել էր Ադրբեջանի նախագահը:

Բաքվից հետո համանախագահները կժամանեն Երեւան, ուր կանցկացնեն նույնպիսի կոնսուլտացիաներ Հայաստանի ղեկավարության հետ, ինչից հետո կմեկնեն Ստեփանակերտ: Համանախագահների այցը տարածաշրջան կավարտվի հուլիսի 16-ին:

Անցած շաբաթավերջին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օգոստոսի 26-ին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քննարկմանը կներկայացնեն «Պրահայի գործընթացի» բանակցությունների ընթացքում ստեղծված փաստաթուղթ:

«Մինչեւ Կազանի հանդիպումը դեռ պետք է ապրել», - «Ռեգնում» գործակալությանը ասել էր Մերզլյակովը՝ առանց ներկայացնելու փաստաթղթի մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG