Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը բացատրություն է պահանջում Հայաստանի կառավարությունից


Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությունից հստակ բացատրություն է պահանջում. վերավաճառվե՞լ, թե՞ չեն վերավաճառվել Հայաստանի բաշխիչ ցանցերը։ Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում փոխանցեց, թե այդ կապակցությամբ կառավարությունը առայժմ որեւէ հայտարարություն չի արել:

«Սա Հայաստանի տնտեսության ամենակարեւոր ոլորտներից է, սա ամենաշահութաբեր ընկերություններից մեկն է: Այն ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր հայի համար, եւ, ես կարծում եմ, որ պետք է լինի մի պաշտոնական հայտարարություն, որով կասվի թե ընհանրապես ի՞նչ է տեղի ունենում», - հավելեց նա:

Ռոբինսոնը փոխանցեց, թե ինքը կարդացել է «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՈ ԵԷՍ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում հրապարակված ֆինանսական հաշվետվությունը, որի վերջին պարբերությունում գրված է, թե ռուսաստանյան ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը։ Նրա խոսքերով, Համաշխարհային բանկի ղեկավարությունը փորձում է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Հայաստանի էլեկտրացանցի սեփականատեր «Միդլենդ հոլդինգ» ընկերությունը կտրականապես ժխտում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի փաստը՝ պնդելով, թե ընդամենը ՌԱՈ ԵէՍ-ի հիմնած «Ինտերէներգո» ընկերությանն է փոխանցել բաշխիչ ցանցերի կառավարման իրավունքը։

Այս երկակիությունն էլ հենց հարուցում է բանկի ներկայացուցչի վրդովմունքը:

«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ անում բաժնետոմսերի առք ու վաճառքի հետ կապված։ Միայն ասում եմ՝ կա օրենք, բարի եղիր հետեւել օրենքի տառին։ Գոյություն ունի լիցենզիոն համաձայնագիր՝ բարի եղիր հետեւել համաձայնագրին։ Եվ եկեք դա անենք բաց եւ թափանցիկ ձեւով», - կառավարության պաշտոնյաներին այսօր հորդորեց Ռոջեր Ռոբինսոնը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքա՞ն արժեն Հայաստանի բաշխիչ ցանցերը, եթե, ըստ «Միդլենդ»-ի բացատրության, դրանց միայն կառավարման իրավունքը 73 միլիոն դոլար է, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը ասաց. - «Ես ձեզ խնդրում եմ, որ դուք գաք ու կառավարեք իմ բաշխիչ ցանցերը՝ հետն էլ 73 միլիոն դոլար վճարեք... Մինչդեռ ես պետք է վճարեմ ձեր ծառայության դիմաց։ Սա կատա՞կ է... Սա ողջամիտ քննարկման առարկա չէ։ Ակնհայտ է, որ այս իրավիճակը լավերից չէ, եւ Հայաստանի կառավարությունն ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանի ժողովրդին եւ ինձ պետք է բացատրեն, թե ինչ է տեղի ունենում: Եթե բաշխիչ ցանցերի սեփականատերը ցանկանում է վաճառել դրանք, ապա նա պետք է գնա Հայաստանի կառավարության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ ու ստանա նրանց համաձայնությունը»:

Հավանաբար, կառավարությունը մտածում է ու պատրաստվում է իր հայտարարության տեքստը կատարվածի առնչությամբ: Մինչդեռ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այսօր առիթ ունեցավ իր բացատրությունները տալու մի խումբ լրատվամիջոցների. - «Որեւէ պաշտոնական տվյալ ես չունեմ»:

«Ես ինքս անձամբ հրավիրել եմ պարոն Գլադուկչիկին [«Հայցանց»-ի գլխավոր գործադիր տնօրենը] ինձ մոտ եւ հարցրել եմ պաշտոնապես՝ այս խոսակցությունները, որոնք վերաբերում են ցանցերի վաճառքին, որքանո՞վ են արժանահավատ: Նա ինձ պատասխանեց, որ նման բան չկա, գնում են բանակցային գործընթացներ: Եթե որեւէ կոնկրետ բան լինի, ապա առաջինը դուք կիմանաք»:

Շարունակելով՝ Նազարյանը ասաց. - «Այս պահին ավելին ասել ես չեմ կարող, որովհետեւ ՌԱՕ ԵԷՍ-ի հաշվետվությունը ինձ համար որեւէ պաշտոնական հիմք չի կարող լինել, քանի որ նա մեր լիցենզավորած ընկերությունը չէ»:

Իսկ Ռոջեր Ռոբինսոնի այսօրվա ասուլիսի անմիջական առիթը հայտարարելն էր, որ երեկ Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը Հայաստանի համար հաստատել է 20 միլիոն դոլար արժողությամբ գյուղական զարգացման վարկային ծրագիրը։ Այդ գումարները ցածր տոկոսներով վարկերի ձեւով կուղղվեն գյուղատնտեսական ձեռնարկությունների վարկավորանը։ Ընդ որում՝ վարկերը կտրվեն առանց գրավի։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG