Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Իրանում ավարտված նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ ընտրված Ահմադինեջադը բնավ էլ հակված չէ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման: Հայաստանն Իրանը համարում է իր լավագույն գործընկերներից մեկը, մինչդեռ ԱՄՆ-ի կարծիքով, Իրանը չարիքի երկրներից մեկն է: Այս պարագայում Հայաստան - Իրան եւ Հայաստան - ԱՄՆ փոխհարաբերությունները արդյո՞ք չեն խանգարում իրար». - «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս հարցադրմանը փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Արման Կիրակոսյանը պատասխանում է. - «Դա մեզ չի խանգարում այն իմաստով, որ Իրանը հարեւան, բարեկամ երկիր է: Մենք դարերի խորքից եկող մեր երկկողմ պատմությունն ունենք, ինչպես նաեւ՝ իրական հարաբերությունները մեր հարեւանի հետ ներկայումս»: Զուգահեռելով՝ փոխարտգործնախարարը նկատում է. - «Այլապես պիտի ասենք, որ եթե Միացյալ Նահանգները Թուրքիային դիտում է որպես դաշնակից պետություն, ապա մենք վաղուց ի վեր պետք է բարեկամական հարաբերությունների մեջ լինեինք այդ երկրի հետ»: Փոխարտգործնախարարը թերթում անդրադառնում է նաեւ ԱՊՀ որոշ երկրներում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններին. - «Փոփոխությունները միայն հեղափոխությունների միջոցով չեն լինում: Ըստ իս, այդ փոփոխությունները պետք է տեղի ունենան էվոլյուցիայի զարգացման ճանապարհով»: «Եթե մենք այս ճանապարհով ամրապնդենք մեր պետականությունը, քաղաքական կայունությունը, տնտեսական աճը, դա կլինի ճիշտ ուղին ընդհանրապես Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար», - «Հայաստանի Հանրապետություն»-ում ընդգծում է Արման Կիրակոսյանը:

«Թուրքական քարոզչական մեքենան եթե մինչեւ Թուրքյըլմազի ձերբակալությունը ամբողջ աշխարհով մեկ հայտարարում էր, թե հայկական արխիվները բաց չեն թուրք ուսումնասիրողների համար, ապա այժմ խփում են այլ կետի՝ ձերբակալվում է առաջին թուրք պատմաբանը, որն ուսումնասիրություններ է կատարել հայկական արխիվում», - արձանագրում է «Ազգ»-ը՝ նշելով. - «Թուրքիայի արտգործնախարարությունը, ինչպես նաեւ Հյուսիսային Կարոլինայի համալսարանը, որտեղ ուսանում է պատմաբանը, աշխատանքներ են տանում Թուրքյըլմազին ազատելու ուղղությամբ... Անկարան աշխատում է Վրաստանում իր դեսպանատան խողովակներով, իսկ «Դյուք» համալսարանի պաշտոնյաները՝ ամերիկյան պաշտոնատարների օժանդակությամբ»:

«Մեծ է հավանականությունը, որ «Հանրապետություն» կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի՝ վաղուց կանխատեսվող ապահարզանը տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների շուրջ առկա տարաձայնությունների հիմքի վրա», - նախանշված է «Հայկական ժամանակ»-ում:

Սահմանադրական բարեփոխումների հարցում անդրադառնալով «Արդարություն» դաշինքի ու իշխանությունների հնարավոր համագործակցությանը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը «Առավոտ»-ում ասում է. - «Առայժմ տեղյակ եմ միայն ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի դիրքորոշմանը: Դա ինձ համար որոշակիորեն բացատրելի է. ստրասբուրգյան մթնոլորտը երեւի թե տրամադրում է այդպիսի մոտեցումների: Բայց դա բացարձակապես կապ չունի Հայաստանում տիրող մթնոլորտի հետ»: «Սահմանադրական բարեփոխումներ իրականացնել այս իշխանությունների հետ, նշանակում է իշխանության հետ քաղաքական համաձայնություն ձեռք բերել, լեգիտիմացնել այդ իշխանությունը եւ վաղը նաեւ՝ այդ իշխանության համար ապահովել հասարակության համաձայնության ռեսուրսը: Իսկ այդ պարագայում վերանում է սահմանադրական կարգի վերականգման կարգախոսը եւ իշխանության ոչ լեգիտիմ լինելու հարցը», - շեշտադրում է Գեղամ Հարությունյանը:

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հաստատուն քայլերը լուրջ անհանգստություն են առաջացրել առաջին հերթին այն ուժերի ու գործիչների շրջանում, որոնք մտահոգված են դրա արդյունքում անխուսափելի դարձող իշխանամետ եւ ընդդիմադիր խոշոր քաղաքական ճամբարների համագործակցության հեռանկարով, քանզի նման համագործակցության, հակամարտության մեղմացման հետեւանքով իրենք կարող են դուրս մղվել քաղաքական ասպարեզից: Այդ պատճառով էլ Սահմանադրության բարեփոխման գործընթացի վիժեցումը դառնում է նրանց ինքնահաստատման վերջին շանսը», - գտնում է «Հայոց աշխարհ»-ը՝ պատկերելով. - «Լավ պարողները կարող են պարել նաեւ նոր եվրոպական երաժշտության տակ, իսկ պարել չիմացողներին միշտ ինչ-որ բան խանգարելու է՝ լինի դա կառավարման նախագահական, կիսանախագահական, կիսախորհրդարանական կամ որեւէ այլ համակարգ»:

«Կորչի' հեղափոխությունը, կեցցե' Սահմանադրությունը» վերնագրի ներքո «168 ժամ» թերթի մեկնաբանը նշում է. - «Դրսից ֆինանսավորվող հեղափոխությունները լինում են այն երկրներում, որոնց քաղաքացիները պատրաստ են սեփական կյանքը բարելավելուն. հեղափոխություններին միջամտողները միջամտում են զանգվածների իղձերին ու ցանկություններին»: Մեկնաբանի հայացքով, հիմա «ընդդիմադիր ու իշխանամետ ձեռք-ձեռքի տված ուրախ-ուրախ հայտարարում են, թե իրենց հաջողվել է հեղափոխություն անել Սահմանադրությամբ»: Սակայն, ըստ «168 ժամ»-ի՝ անում են մի բան, ինչը «տեսականորեն գեղեցիկ է, իսկ գործնականում ձեռնտու է միայն իշխանություններին»:

Նույն թերթի գնահատմամբ, Գորան Լենմարկերի զեկույցը, որն այդքան գոհացրել է մեր խորհրդարանականներին, «բովանդակային առումով որեւէ նորություն չի պարունակում»: «Իրականում Վաշինգտոնում Լենմարկերը գրեթե նույնությամբ կրկնել է այն, ինչ վերջին տարիներին ղարաբաղյան հակարմարտության կարգավորման վերաբերյալ ասում են միջազգային կառույցները. հերթական անգամ ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Ղարաբաղի անկախության կարգավիճակը համարվում է անընդունելի», - ընդգծված է «168 ժամ»-ում:

«Հայկական ժամանակ»-ը, կրկին հիշեցնելով, որ «Գոլդեն փելես» հյուրանոցի իրական սեփականատերը կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն է, արձանագրում է. - «Անունով սա օտարերկրյա ներդրում է, փաստացիորեն՝ ոչ»: «Հայաստանում արդեն վաղուց օտարերկրյա ներդրումներ գրեթե չեն լինում», - շարունակում է թերթը: - «Դրանք այն փողերն են, որոնք այստեղից գնում են օֆշորային գոտիներ, ձեռք բերում օտարերկրյա ներդրման կարգավիճակ ու վերադառնում»: «Նման ճամփորդությունը, բնականաբար, ինքնանպատակ չէ, այն շատ շահավետ է՝ մեկ միլիոն դոլարից ավելի օտարերկրյա ներդրմամբ ընկերությունները ազատվում են շահութահարկից... Այս սխեմայից օգտվողները պարզապես խուսափում են հարկերից, ընդ որում՝ խուսափում են չարամտորեն, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ: Մեր օրենսդրությունը կարծես թույլ է տալիս իրականացնել նման մեքենայություններ եւ օրենսդրությունը որեւէ մեխանիզմ չի սահմանում նման չարամիտներին պատժելու համար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG