Մատչելիության հղումներ

Բաքու կժամանի Մադլեն Օլբրայթը


Գալիք շաբաթասկզբին Ադրբեջան կմեկնի ԱՄՆ նախկին պետքարտուղար, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) միջազգային հարաբերությունների վարչության նախագահ Մադլեն Օլբրայթը: Նրան ուղեկցելու է ընտրական ծրագրերի գլխավոր մասնագետ Պատրիկ Մարլոն:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Բաքվում Մադլեն Օլբրայթը կհանդիպի իշխանությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ԱմՆ նախկին պետքարտուղարը հուլիսի 12-ին կմասնակցի Ադրբեջանում ազատ մամուլի իրավիճակին եւ ընտրությունների ընթացքում ունեցած դերի մասին «կլոր սեղանի» աշխատանքներին:

Այս կապակցությամբ Բաքվի «Զերկալո»-ն գրում է, թե, ըստ ամենայնի, իրադարձությունները Ադրբեջանում զարգանալու են «վրացական սցենարով», երբ ընտրություններից առաջ երկիր է ժամանում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը (Վրաստանի դեպքում՝ Հենրի Բեյքերը):

Ըստ թերթի, Օլբրայթի առաքելությունը Միացյալ Նահանգների՝ Ադրբեջանում առաջիկա նախընտրական պայքարին կանխատեսելի եւ ժողովրդավարական զարգացման համար ընդունելի բնույթ տալու վերջին փորձն է: «Նման փորձը Վրաստանում ձախողվեց, եւ նախագահ Շեւարդնաձեին չհաջողվեց իրականացնել ստանձնած պարտավորությունները, ինչի արդյունքը եղավ հետխորհրդային տարածքում առաջին «թավշյա» հեղափոխությունը», - գրում է թերթը:

Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, «Զերկալո»-ն նաեւ հայտնում է, որ փակուղի են մտել մինչեւ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանի նախագահի ԱՄՆ պաշտոնական այցի շուրջ բանակցությունները: Իլհամ Ալիեւը սեպտեմբերին Վաշինգտոնում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին, սակայն դա չի համարվի պաշտոնական այց Միացյալ Նահանգներ:

«Վաշինգտոնը անթաքույց հասկացնել է տալիս, որ նախագահ Բուշի հետ Ադրբեջանի նախագահի պաշտոնական հանդիպումը լիովին կախված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարության աստիճանից», - եզրակացնում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG