Մատչելիության հղումներ

Հայ մշակույթի օրեր են անցկացվել Ուկրաինայի Կամենեց Պոդոլսկ քաղաքում


Օրերս Ուկրաինայի Կամենեց Պոդոլսկ քաղաքում Ուկրաինայի հայերի միության եւ Հայաստանի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ անցկացվել են հայ մշակույթի օրեր:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ բացման արարողությանը ելույթով հանդես են եկել Կամենեց Պոդոլսկի քաղաքապետը եւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը: Իրենց արվեստն են ներկայացրել Ուկրաինայում բնակվող հայ նկարիչները եւ Ուկրաինայի հայերի միության «Հայրենիք» պարախումբը:

Կամենեց Պոդոլսկում տեղադրվել է 1915թ. ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որի օծման արարողությունը կատարել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը:

Ի նշան երախտագիտության քաղաքի հիմնման գործում հայերի ունեցած ներդրման, Կամենեց Պոդոլսկի իշխանությունները որոշում են կայացրել ներկայումս ավերված նախկին հայկական եկեղեցու տարածքը հատկացնել տեղի հայ համայնքին՝ նոր եկեղեցի կառուցելու նպատակով:

Դեսպան Խաչատրյանը Կամենեց Պոդոլսկ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել քաղաքի ու մարզի ղեկավարների, ինչպես նաեւ Ուկրաինայի հայ համայնքների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հարցեր:

Հաշվի առնելով Կամենեց Պոդոլսկում եկեղեցիների, հոգեւոր-մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների առատությունը՝ Հայաստանի դեսպանը եւ քաղաքի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Կամենեց Պոդոլսկը եւ Էջմիածինը քույր քաղաքներ դարձնելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG