Մատչելիության հղումներ

Հայաստանցիների հետաքրքրությունը սահմանադրական փոփոխությունների նկատմամբ որոշ չափով աճել է


«Ընտրական համակարգեր կենտրոնի» Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը շարունակում է իրականացրել
մոնիտորինգային հետազոտություն Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Երեւան քաղաքի բնակիչների շրջանում։

Առաջին հետազոտությունն անցկացվել էր 2004 թվականի հոկտեմբերի 6-9-ը, երկրորդը՝ 2005 թվականի ապրիլի 1-ին: Շաբաթավերջին կենտրոնը հրապարակել է վերջին՝ երրորդ հետազոտության արդյունքները:

«Եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվի առաջիկա կիրակի օրը, կմասնակցե՞ք արդյոք հանրաքվեին» հարցին դրական պատասխան է տվել հետազոտությամբ ընդգրկված մարդկանց 13 տոկոսը (համապատասխան ցուցանիշը առաջին հետազոտության արդյունքներով կազմում էր 9 տոկոս, երկրորդի արդյունքներով՝ 10 տոկոս):

Զուգահեռաբար, այս տարվա ապրիլին արձանագրված ցուցանիշի համեմատությամբ 4 տոկոսով նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր միանշանակորեն պնդել են, թե չեն մասնակցի հանրաքվեին: Այդուհանդերձ, վերջիններիս թիվը երկու անգամ ավելի է միանշանակորեն մասնակցելու մտադրություն ունեցողների թվից (32 տոկոս):

Ըստ հարցման արդյունքների, շոշափելիորեն ավելացել է առաջարկվող փոփոխությունների մասին տեղեկություններ ունեցող մարդկանց թիվը: Եթե առաջին եւ երկրորդ հարցումների ժամանակ այդ ցուցանիշը հավասար էր համապատասխանաբար 8 եւ 11 տոկոսի, ապա վերջին անգամ հարցվածների 19 տոկոսը դրական է պատասխանել «գիտե՞ք արդյոք. թե ինչ սահմանադրական փոփոխություններ են առաջարկում քաղաքական ուժերը» հարցին: Նույն յոթ տոկոսով նվազել է առաջարկվող փոփոխություններին անծանոթ մարդկանց թիվը՝ կազմելով 60 տոկոս:

Հարցումն անցկացվել է հունիսի 30-ից հուլիսի 2-ը Երեւան քաղաքի 624 բնակիչների շրջանում։


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG