Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 2-ը հուլիսի)

«Հայկական ժամանակ» թերթի ձեւակերպմամբ՝ «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ընկերության ֆինանսական հաշվետվությունում նշված կետը, թե ընկերությունը 73 միլիոն դոլարի գործարքով ձեռք է բերել Հայաստանի բաշխիչ ցանցերը, «պայթած ռումբի էֆեկտ ունի»: Վերլուծելով վաճառքի բարդ կոմբինացիան, այն գնահատելով որպես մեքենայություն՝ մեկնաբանը եզրահանգում է. - «Ինքին հասկանալի է՝ եթե ռուսական որեւէ ընկերություն ցանկանում է լիակատար վերահսկողություն հաստատել որեւէ կարեւորագույն ինֆրակառուցվածքի վրա, ապա ընդհամենը պետք է այդ մասին տեղյակ պահի ռուսական ֆորպոստ հանդիսացող Հայաստանի ղեկավարներից մի քանիսին: Մնացածն արդեն տեխնիկայի հարց է. մի քիչ բազար կանեն ու կբարիշեն»:

«Առավոտ»-ը ներկայացնում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինի կանխատեսումը, թե ինչ արձագանք կունենա սահմանադրական հանրաքվեի ձախողումը: «Միանշանակ չեն լինի կարծիքները, թե արդյո՞ք հանրաքվեն անցել է արդար ու լավ: Հաստատ կլինեն մարդիկ, որոնք այլ կերպ կկարծեն», - նախանշում է Վլադիմիր Պրյախինը՝ միաժամանակ ընդգծելով, որ եթե ամեն ինչ նորմալ ընթանա եւ փոփոխությունները մերժվեն, ստիպված կլինեն ընդունել դրա արդյունքները:

«Գոլոս Արմենիի»-ում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համոզված հայտարարում է. - «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հաջողությամբ կանցնի»: Թղթակցի հարցին, թե՝ «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները արդյո՞ք լարվածություն չեն առաջացնի կոալիցիայի ներսում», ինչի պատճառով կոալիցիան կարող է տրոհվել, Գագիկ Մելիքյանը պատասխանում է. - «Լարվածությունից դժվար թե հաջողվի խուսափել, բայց չեմ կարծում, թե դրանք կհանգեցնեն կոալիցիայի տրոհմանը»: «Առաջիկա ընտրություններին վերաբերող կոալիցիոն կուսակցությունների հետ նախնական պայմավորվածություններ չկան, եւ մենք պատրաստ ենք պայքարել այնտեղ, որտեղ մեր թեկնածուները կառաջադրվեն, իսկ մեր թեկնածուները կառաջադրվեն ամեն տեղ», - «Գոլոս Արմենիի»-ում հայտարարում է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղարը:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում Շավարշ Քոչարյանը պարզաբանում է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի դիրքորոշումը. - «Սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցելու հարցը դաշինքն այլ կոնտեքստում է քննարկելու: Այն է՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակում ամրագրված սկզբունքները մեր մոտեցումներին համապատասխանու՞մ են, թե՞ ոչ: Եթե այո՝ ապա դաշինքը վաղուց է հայտարարել, որ պատրաստ է կոնկրետ այդ հարցում համագործակցել մինչեւ վերջ»:

«Միայն հեղափոխություն» վերնագրի ներքո քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Հայկական ժամանակ»-ում գրելով, թե «սահմանադրական ճանապարհը վարկաբեկվել է թե’ Քոչարյանի, թե’ ընդդիմության կողմից, որը «սահմանադրական ասելով հոգնեցրեց բոլորին»՝ շեշտադրում է. - «Իրական փոփոխությունը իշխանական համակարգում, իրական առաջընթացը տնտեսության մեջ, անվտանգության իրական մեխանիզմների ստեղծումը հնարավոր է միայն հեղափոխական ճանապարհով»:

Սահմանադրական փոփոխություններին անդրադառնալով հանրության տեղեկացված լինելու տեսանկյունից՝ «Ազգ»-ը գրում է. - «Նախորդ ընտրությունների ժամանակ ժողավուրդը «ոչ» ասաց Սահմանադրությանը հենց այնպես՝ նույնիսկ առանց ծանոթ լինելու դրա բովանդակությանը: Նոր «այո»-ն կամ «ոչ»-ը հայտնի կդառնա նոյեմբերին՝ սահմանադրական հանրաքվեի երկրորդ փորձության ժամանակ... Տեղյա՞կ է արդյոք ժողովուրդը նախագծային փոփոխությունների մանրամասներին: Դարձյալ ոչ, ինչպես նախորդ հանրաքվեից առաջ»:

Ամփոփելով Հայաստանի վարչապետի Լիտվա կատարած այցելության ընթացքում շոշափված խնդիրները, «Առավոտ»-ի թղթակիցը Վիլնյուսից հաղորդում է. - «Լիտվայի ղեկավարները չէին թաքցնում, որ Հարավային Կովկասում գերադասում են Վրաստանը դարձնել տարածաշրջանային երկրների այսպես ասած՝ կենտրոն-համակարգող: Իսկ Հայաստանին հասկացնում էին, որ դեպի ժողովրդավարացում եւ եվրաինտեգրում ճանապարհն անցնում է թավշյա հեղափոխության միջով... Հայաստանի իշխանությունները, հասկանալի պատճառներով, այս գաղափարը սիրով չեն կարող ընդունել, քանի որ մերոնք կարծում են, թե առանց հեղափոխության էլ Հայաստանը գնում է եվրաինտեգրման եւ ժողովրդավարացման ճանապարհով»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ եւս՝ Լիտվան որպես «Եվրամիություն. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում հարավկովկասյան երկրների «կուրատորությունը» ստանձնած երկիր, ցանկանում է, որ Վրաստանը դառնա տարածաշրջանի համակարգողը: Ի պատասխան Լիտվայի նախագահի այս հայտարարության, Հայաստանի վարչապետն ասել է, որ Վրաստանը նախ թող փորձի իր հարաբերությունները լուծել հարեւանների, մասնավորապես Ռուսաստանի հետ: Իսկ «Եվրամիության հետ աշխատելու համար Հայաստանին միջնորդներ պետք չեն»:

Դատախազության օրվա առիթով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում երեկ անցկացված հանդիսությունից «Հայոց աշխարհ»-ը մեջբերում է գլխավոր դադախազ Աղվան Հովսեփյանի ելույթի հետեւյալ հատվածը. - «Այս համակարգը 87 տարվա իր պատմությամբ եւ կենսագրությամբ առանձնանում է որպես մասնագիտական բարձր չափանիշների համակարգ: Դատախազության գործունեությունը այսօր հիմնականում համապատասխանում է ժողովրդավարական միջազգային չափանիշներին, սակայն մենք գիտակցում ենք նաեւ առկա բացթողումները»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG