Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակը Վրաստանն անվանել է «նահանգ»


Տհաճ միջադեպ է տեղի ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում Վրաստանի եւ Ռուսաստանի պատվիրակների միջեւ:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, նիստում Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեն Ռուսաստանին մեղադրել է «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատողականներին աջակցելու», ինչպես նաեւ անցած շաբաթավերջին Թբիլիսի Ռուսթավելու պողոտայում տեղի ունեցած «անկարգությունները հրահրելու» մեջ:

Ի պատասխան Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Լյուբով Սլիսկան ասել է, թե նման հայտարարություններին «պետք չէ ուշադրություն դարձնել»:

«Վերջապես, ինչու ենք մենք ինչ-որ նահանգի հետ, ինչպիսին Վրաստանն է, ուր 2,5 միլիոն մարդ է ապրում, փորձում հարաբերություններ պարզել, ինչպես լուրջ խոշոր տերության հետ», - հայտարարել է նա:

Վերջին անգամ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ նման միջադեպ էր տեղի ունեցել մայիսին, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ռուսաստանը համեմատել էր «օսմանյան եւ թաթար-մոնղոլական զավթիչների» հետ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG