Մատչելիության հղումներ

Համատեղ փորձագիտական խմբերը կաշխատեն աբխազական երկաթուղու վերաբացման ուղղությամբ


Վրաստանը եւ Աբխազիան շաբաթ օրը ստորագրել են աբխազական տարանցիկ երկաթուղու վերաբացման հարցով համատեղ փորձագիտական խմբեր ստեղծելու մասին արձանագրություն:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, հունիսի 2-ին Գալիի շրջանում Վրաստանի, Աբխազիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են Սոչի-Սուխումի-Թբիլիսի երկաթուղու ներկա վիճակի եւ դրա անվտանգության ապահովման հարցերը: Կողմերը հաստատել են երկաթուղին վերաբացելու մտադրությունները եւ պայմանավորվել հուլիսի 11-ին Թբիլիսիում անցկացնել համակարգողների առաջին հանդիպումը:

«Չափազանց կարեւոր է, որ Վրաստանի եւ Աբխազիայի մոտ ի հայտ են եկել ընդհանուր շահեր», - բանակցությունների ավարտին հայտնել է Վրաստանի պետնախարար Գեորգի Խաինդրավան:

Իսկ Աբխազիայի փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայան նշել է, թե «երկաթուղու վերաբացումը հնարավարություն կտա Աբխազիայի բյուջե ուղղել ամսեկան 500-800 հազար դոլար»:

Փորձագետների գնահատումներով, երկաթգծի վերականգնման համար կպահանջվի առնվազն 150 միլիոն դոլար: Ռուսաստանում համարում են, որ տվյալ նախագծի ֆինանսավորումը պետք է ապահովեն շահագրգիռ կողմերը՝ Ռուսաստանը, Վրաստանը, Աբխազիան, Հայաստանը եւ որոշ չափով՝ Ադրբեջանը:

Հայաստանն արդեն հայտնել է երկաթգծի վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG