Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հերքում է Սաֆարյանի հետ կապված միջադեպի «քաղաքական երանգավորումը»


ԼԵռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը Արցախի հանրային հեռուստատեսությամբ հերքել է, թե հունիսի 21-ին ազատամարտիկ, Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններում «Դաշնակցություն – Շարժում 88» ընդդիմադիր դաշինքի ցուցակում ընդգրկված Պավել Սաֆարյանի հետ կապված միջադեպը «քաղաքական երանգավորում» ունի:

Սաֆարյանի պնդմամբ, իրեն հունիսի 21-ին ծեծի էին ենթարկել պաշտպանության նախարար Օհանյանը եւ նրա տեղակալ Սամվել Կարապետյանը: Սեյարան Օհանյանը, փաստորեն, չի հերքել Սաֆարյանի պնդումները:

«Որպես սպա եւ քաղաքացի, հարկ եմ համարում իրազեկել մեր հասարակությանը, որ կատարվածը պայմանավորված է բացառապես մեր նախկին զինակից Պավել Մանուկյանի կողմից Պաշտպանության բանակի, իմ մարտական ընկերների եւ անձամբ իմ պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորական արտահայտություններով», - ասել է Օհանյանը: - «Կան արժեքներ, որոնք չի կարելի պղծել: Ոչ ոք չունի նման իրավունք, նամանավանդ այն մարդը, ով լավատեղյակ է իր իսկ ընկերների անցած մարտական ուղու մանրամասներին: Ես որպես հայ մարդ, հայ զինվոր, որպես սեփական մաշկի վրա մեր Հաղթանակի գինը կրող անձ, չկարողացա ինձ զսպել, երբ փորձ արվեց կեղտաջրի հետ խառնել մեր բանակը եւ նրա հրամանատարական կազմը, իմ մարտական զինակիցներին»:

Օհանյանը, շարունակելով, պնդել է, որ չի կարելի միջադեպի առնչությամբ փնտրել քաղաքական ենթատեքստ, առավել եւս՝ ուղղված «երկարամյա ազգանվեր կենսագրություն ունեցող մի ամբողջ քաղաքական կուսակցության` Հայ Հեղափոխական Դաշնակցության դեմ»:

«Ինչպես մենք, զինվորականներս, այնպես էլ Դաշնակցությունը, միշտ բարձր ենք պահել Հայոց սպայի եւ բանակի պատիվը: Եվ հենց դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ ես չէի կարող անձնական հարաբերությունների մակարդակով հանդուրժել նախկին սպայի նման կեցվածքը», - հայտարարել է նա: - «Չեմ կարծում, որ Պաշտպանության բանակի, իմ ընկերների եւ անձամբ իմ հասցեին հնչեցված վիրավորանքները կարող են ինչ-որ, անգամ ամենահեռավոր, առնչություն ունենալ հայ իրականության մեջ գործող որեւէ քաղաքական ուժի հետ, քանզի ինչպես ես, այնպես էլ իմ զինակիցները ունենք մեր երկրի քաղաքական արժեքները գնահատելու կարողություն»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, մինչդեռ, ուրբաթ օրը, պատասխանելով միջադեպին վերաբերող հարցին, ասաց, թե չէր ցանկանա, որ միջադեպը քաղաքականացվեր, ներկայացվեր որպես Սեյրան Օհանյան - Դաշնակցություն հակամարտության, քանի որ դա «զուտ միջանձնային խնդիր է»:

«Ցանկացած հրամանատար, [առավել եւս՝ Սեյրան Օհանյանի կարգի] պարտավոր է ունենալ այնպիսի ինքնատիրապետում, որ որեւէ սադրանք նրան չհանի ափերից», - ավելացրեց Հայաստանի պաշտպանության նախարարը: - «Այս առումով Օհանյանը, իհարկե, այդպիսի խնդիր ունի լուծելու»:

Սերժ Սարգսյանը, դիմելով հասարակության ամենատարբեր խավերի ներկայացուցիչներին, խնդրեց «մի քիչ զուսպ լինել վաստակաշատ զինվորականների հանդեպ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG