Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը, շոշափելով նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը, ուրվագծում է. - «Իշխանությունից հեռանալ չցանկացող հետխորհրդային ցանկացած նախագահի համար հեշտ է գտնել իրեն աջակցող քաղաքական ուժերի: Այդպիսի ուժեր կան ԱՊՀ բոլոր երկրներում: Որովհետեւ դրանք, ըստ էության, քաղաքական ուժեր չեն, այլ չինովնիկ-բիզնեսմեններ, որոնք շահագրգռված են «ստատուս քվոն» պահպանելու մեջ: Հենց նրանք են կազմակերպում եւ կեղծում բոլոր տեսակի ընտրություններն եւ հանրաքվեները: Հենց նրանց դուդուկի տակ են պարում բոլոր տեսակի դատարանները, այդ թվում՝ Սահմանադրական: Այնպես որ, մեր տիպի երկրներում եթե ցանկություն կա ցմահ նախագահ լինելու, մնացած խնդիրները զուտ տեխնիկական են»:

«Հայաստանում, դժբախտաբար, այլեւս էվոլյուցիոն ճանապարհով ժողովրդավարության հասնել հնարավոր չէ», - «Իրավունք»-ի հարցազրույցում հայտարարում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: - «ԱՄՆ-ը չի բացառում խնդրի հեղափոխական լուծումները, որովհետեւ նա բազմիցս արդեն համոզվել է, որ էվոլյուցիոն ճանապարը, մեր դեպքում ձեռնտու է օրվա իշխանություններին, որոնք պարզապես կերկարաձգեն իրենց իշխանությունը մինչեւ 2007-2008 թվականները, եթե հաջողվի՝ է’լ ավելի»: «Այս վիճակը, ի դեպ, ձեռնտու է նաեւ որոշ ընդդիմադիրների, ովքեր իշխանությունների հետ ունեն որոշակի պայմանավորվածություն եւ որոնց ղեկավար շրջանակները խոստանում են 2007-ի ընտրություններում որոշակի տոկոսներ նկարել եւ նվիրել», - շարունակում է Արամ Սարգսյանը: Իսկ թղթակցի հարցին, թե հեղափոխության առումով նրա լավատեսությունը արդյո՞ք անհիմն չէ, քանի որ ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսն ասել է, թե Միացյալ Նահանգների կառավարությունը միջազգային հանրության հետ համատեղ սպասում է 2007-ի եւ 2008-ի ընտրություններին, Արամ Սարգսյանը պատասխանում է. - «Այո, իսկապես դեսպանը նշել է: Իսկապես միջազգային հանրությունը կարող է սպասել: Հայ ժողովուրդն ու հատկապես հայաստանցիներն են, որ այլեւս ի վիճակի չեն եւ չեն ուզում սպասել»:

Վիլնյուսից «Առավոտ»-ի լրագրողը փոխանցում է, թե Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «սառը ջուր լցրեց հեղափոխությամբ հետաքրքրվողների գլխին». - «Մեզ մոտ երբեք հեղափոխություն չի լինի՝ թույլ չենք տա: Իհարկե, թույլ չենք տա ոչ այնպես, ինչպես Ղրղըզստանում կամ Ուզբեկստանում»: «Մենք երբեք մեր ժողովրդի արյունը չենք թափի», - վստահեցրել է Անդրանիկ Մարգարյանը՝ անցյալ տարվա ապրիլյան դեպքերն էլ հայ համայնքին ներկայացնելով հետեւյալ կերպ. - «Մի երկու լրագրողի ապարատ ջարդվեց, մի քանի հոգի ծեծվեցին, երբ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել... Իսկ սորոսները եւ մյուս կազմակերպությունները, որ պատրաստվում են մեզ մոտ մի բան փոխել, բազա չունեն: Եթե իրենք պատրաստվում են, ապա մենք էլ ենք պատրաստվում: Իհարկե, ոչ թե զենք ենք հավաքում, այլ պատրաստվում ենք հերթական ընտրություններին»:

«Ազգ» թերթը, անդրադառնալով Ղարաբաղի խորհրդարանի նախագահի ընտրությանը, գրում է. - «Որոշ պատգամավորներ ոչ ընդդիմադիր դաշտից նույնիսկ տարակուսում էին, թե ինչու խորհրդարանի նախագահի ընտրությունը մեկ թեկնածուով եղավ: Սա կարելի է վատ ազդակ համարել այն առումով, որ հետագայում բոլոր քվեարկությունները կարող են նույն այս իներտ հունով ընթանալ»:

«Ազգային ժողովի ղեկավարությունն ու խորհրդարանի ընդդիմությունը այլեւս ձեռք-ձեռքի տված միասնաբար քարոզելու են Սահմանադրության փոփոխությունների փաթեթի օգտին: Եթե նրանց վերջին հայտարարությունների ենթատեքստը նայենք, կարող ենք նկատել, որ անգամ հանրաքվեի արդյունքները միասնաբար կեղծելու մտադրություն ունեն», - նախանշում է «Այբ-Ֆե»-ն: Իսկ «Իրավունք»-ի հայացքով, սահմանադրական բարեփոխումների հարցում կարծես թե սկսվում է «իշխանության եւ ընդդիմության հերթական մեղրամիսը»:

Անդրադառնալով հաստատված լուրեին, որ «Գոլդեն փելես» բարձակարգ հյուրանոցի սեփականատերը տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն է, «Առավոտ»-ի խմբագիրը ընդգծում է. - «Ամենակարեւորն այստեղ հետեւյալն է՝ տեղական կապիտալը ներկայացվել է որպես կիպրոսյան կապիտալ: Ինչո՞ւ... շատ պարզ պատճառով. արտասահմանյան ներդրողները 5 տարի ազատվում են հարկերից: Ուրեմն «Գոլդեն Փելես»-ի սեփականատերը խաբել է հարազատ պետությանը, նրան վնաս է հասցրել, եւ այդ ամենը շատ նման է փողերի լվացման»: «Բայց իրավապահ մարմիները դրանով չեն զբաղվելու», - համոզված է Արամ Աբրահամյանը, ում բնորոշմամբ՝ «հարկայինը, մաքսայինը, նախարարությունները, դատախազությունն ու դատարանները մեզ մոտ, ըստ էության, նույն «կանտորան» են, եւ այդ կանտորան ինքն իր դեմ չի աշխատելու»:

«Հայկական ժամանակ»ը, պատկերելով կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի կիսակառույց շենքի լուսանկարը, գրում է. - «Այս կիսակառույց շենքի ճակատին օրերս փակցվել է «Ղ-Տելեկոմ»-ի ցուցանակը: Այս շենքում է գործելու ընկերության կենտրոնական գրասենյակը. «Ղ-Տելեկոմ»-ը գնել է շենքի մի թեւի չորս հարկերը եւ պատրաստվում է եւս երկու հարկ գնել»: Թերթի մատուցմամբ, «Ղ-Տելեկոմ»-ի Հայաստանում հայտնվելը «շատ շահավետ ստացվեց» կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի համար. - «Եվ ամենեւին զարմանալի չէ, թե ինչու էին նրանք ժամանակին իրար ձեռքից գլխապատառ խլում «ԱրմենՏել»-ի դեմ պայքարի առաջնորդի դրոշակը: Նրանք հաշվարկով տղերք են ու գիտեն, թե ինչի համար են պայքարում»: Եզրափակելով՝ «Հայկական ժամանակ»-ը վերաձեւում է հայտնի անեկդոտը. - «Քանի Ֆատուշը կա, մեր նախարարների երեխեքը պիտի շոկոլադ ուտեն»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG