Մատչելիության հղումներ

«Հայաստանի բաշխիչ ցանցերը» վաճառվեցին ՌԱՕ ԵԷՍ-ին


Հինգշաբթի օրը «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) հոլդինգը տարածել է իր ֆինանսական հաշվետվությունը, որում նշվում է, որ խմբի մաս կազմող «Ինտերէներգո» ընկերությունը 73 միլիոն դոլարով ձեռք է բերել «Հայաստանի բաշխիչ ցանցերը»:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկությունների, ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը գնել է «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ»-ի այն մասը, որին ընկերության անցյալ տարվա բաժանումից հետո պատկանում էր Հայաստանի բաշխիչ ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը:

Հայաստանի բաշխիչ ցանցերը սեփականաշնորվել եւ 2002 թվականին վաճառվել էին բրիտանական «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» (Midland Resources Holding) ընկերությանը 40 միլիոն դոլարով՝ ոլորտի հսկայական կորուստները վերջ տալու ակնկալիքով: Մինչ այդ Հայաստանի բյուջեն տարեկան կրում էր 50 միլիոն դոլարի վնաս: Ոլորտին քաջածանոթ աղբյուրները նշում են, թե իրականացված մասշտաբային կրճատումների եւ հոսանքի գողության կրճատումների արդյունքում ներկայումս Հայաստանի բաշխիչ ցանցերը տարեկան շուրջ 20 միլիոն դոլարի եկամուտ են բերում:

Չորեքշաբթի օրը էներգետիկայի նախարարության մամլո խոսնակ Մարգարիտա Գրիգորյանը հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանին, թե «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտի այցը Հայաստան որեւէ կապ չունի բաշխիչ ցանցերի վաճառքի գործարքի շուրջ բանակցությունների հետ:

«Բաշխիչ ցանցերը վաճառքի չեն դրվել եւ չեն դրվելու», - հայտարարել էր Մարգարիտա Գրիգորյանը՝ ավելացնելով, թե «ընկերության ղեկավարներից որեւէ մեկը չի հանդիպելու Անդրեյ Ռապոպորտի հետ»:

«Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերությունը Հայաստանում արդեն ունի հետեւյալ ակտիվները. Սեւան- Հրազդան կասկադի 5 ՀԷԿ-երը, Հրազդանի ՋԷԿ-ը, ինչպես նաեւ հինգ տարով ընկերությանն է տրված Հայկական ատոմակայանի կառավարումը:


Ռուզան Ստեփանյան եւ Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG