Մատչելիության հղումներ

Հնչեց Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի առաջին զանգը


Հինգշաբթի օրը տեղի ունեցավ Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության «ՎիվաՍել» ապրանքանիշի շնորհանդեսը: Առաջին զանգը կատարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, թե հուլիսի 1-ից բջջային կապի նոր օպերատորը կթողարկի կանխավճարային կապի 100 հազար քարտ, ինչը թույլ կտա ամբողջությամբ մեղմել բջջային կապի շուկայում առկա լարվածությունը: «Վաղվանից Հայաստանում բջջային քարտերի խնդիր չի լինի», - ասաց կապի նախարարը՝ հավաստիացնելով, թե զգալիորեն կիջեցվեն բջջային կապի եւ ինտերնետի սակագները:

«Ես անձամբ օգտվելու եմ երկու ընկերությունների ծառայություններից էլ: Կշահի նա, ով առավել որակյալ եւ ցածր սակագներով ծառայություն կմատուցի», - հայտարարեց Անդրանիկ Մանուկյանը՝ հավելելով, որ «վերջապես կազատվենք չարաբաստիկ «իզի քարտերի» խնդրից»:

Լիբանանցի գործարար Պիեռ Ֆաթուշը, որին պատկանում է «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը, հայտարարեց, թե «վաղվանից ցանցը հնարավորություն կունենա սպասարկել ավելի քան 300 հազար, իսկ մինչեւ 2005 թվականի վերջը՝ շուրջ 400 բաժանորդի մայրաքաղաքում, Արմավիրի, Արարատի շրջաններում, մասամբ նաեւ՝ Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Կոտայքում»: Նա նշեց, որ մինչեւ այսօր «Ղ-Տելեկոմ»-ը Հայաստանում կատարել է ավելի քան 75 միլիոն դոլարի ներդրում:

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով, Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատոր մուտքը հնարավոր է 2010 թվականից ոչ շուտ:

Լեռնային Ղարաբաղում բջջային կապի օպերատոր «Ղ-Տելեկոմ» ընկերությունը 2004 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարությունից ստացել էր Հայաստանում բջջային ծառայություններ մատուցելու լիցենզիա: Մինչ այդ բջջային կապի մենաշնորհը պատկանում էր «ԱրմենՏել» ընկերությանը, որի բաժնետոմսերի 90 տոկոսի տերն է հունական OTE ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG