Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը


Ստեփանակերտում հինգշաբթի օրը կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվեցին խորհրդարանի ղեկավար մարմինները:

Մինչեւ Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի եւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորների երդման արարողությունը, ինչին հետեւեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի ողջույնի խոսքը:

«Հնարավոր չէ չտեսնել այն, ինչը ակնհայտ է», - դիմելով պատգամավորներին, ասաց Ղուկասյանը: - «Մեր երկրում տեղի ունեցան իրավամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ»:

Ուրվագծելով օրենսդիր մարմնի անելիքները՝ Արկադի Ղուկասյանը ասաց. - «Երկիրը կարիք ունի իշխանության բոլոր թեւերի, քաղաքական ուժերի եւ հանրային ներուժի գործունեության հստակ կանոնակարգման: Եվ միայն համատեղ ուժերով մենք կարող ենք լուծում գտնել մեր ժողովրդին հուզող հիմնախնդիրների համար»:

Այնուհետեւ փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ընտրություններում հաղթած քաղաքական ուժի՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, կրթության եւ մշակույթի նախկին նախարար Աշոտ Ղուլյանը: Հարկ է նշել, որ խորհրդարանի խոսնակի այլ թեկնածու չառաջադրվեց:

Ղուլյանի առաջադրմամբ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ Ռուդիկ Հյուսնունցը: Ընտրվեցին նաեւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներն ու նրանց տեղակալները՝ գրեթե բոլորը Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ Հայրենիք» կուսակցություններից:

Ընդդիմադիր «Դաշնակցություն – Շարժում 88» դաշինքը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում ստացել է 3 պատգամավորական տեղ, ինչը բավարար չէ անգամ խմբակցություն ձեւավորելու համար: Դաշինքի ներկայացուցիչները հրաժարվեցին իրենց առաջարկված մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի տեղեկալի պաշտոնից:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG