Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի ենթահանձնաժողովը հաստատել է 2006 թվականի արտաքին հատկացումների գումարները


Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը 2006 թվականի համար 75 միլիոն դոլարի հատկացում է կատարել Հայաստանին, ինչը 20 միլիոնով ավելի է Բուշի վարչակազմի խնդրածից եւ 8 միլիոնով ավելի՝ Ներկայացուցիչների տան հատկացումից: Ենթահանձնաժողովը նաեւ 3 միլիոն դոլարի հումանիտար օգնության չափ է հաստատել Լեռնային Ղարաբաղի համար:

Ըստ էության, արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը բարձրացրել է ողջ նախկին խորհրդային տարածքին հատկացվելիք գումարի չափը՝ վարչակազմի առաջարկած 482 միլիոնից հասցնելով 565 միլիոնի:

Մեկնաբանելով իրողությունը՝ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է ենթահանձնաժողովի նախագահ Ուիփ Միչ Մաքքոնելին, որի ղեկավարությամբ կառույցը բյուջեի խիստ սահմանափակումների պայմաններում Հայաստանի համար պահպանել է օժանդակության նույն չափը, ինչ եղել է 2005 թվականին:

«Սա չափազանց էական է Հայաստանի համար Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու պայմաններում», - ասել է Արդունին:

Հավելենք նաեւ, որ լրացուցիչ 5 միլիոն 750 հազար դոլարի ռազմական աջակցություն է հատկացվում Հայաստանին՝ ուսումնական ու զորավարժությունների ծրագրերի համար: Նույն չափի գումար նույն նպատակներով նախատեսվում է նաեւ Ադրբեջանի համար:

Միացյալ Նահանգների արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը Վրաստանի համար հաստատել է 70 միլիոնի, Ադրբեջանի համար՝ 38 միլիոնի օժանդակություն:

Միեւնույն ժամանակ, Ներկայացուցիչների տունը քվեարկությամբ ընդունել է օգնության չափի մասին օրինագիծը: Այս տարբերակով Հայաստանին հատկացվում է 67,5 միլիոն դոլար, Լեռնային Ղարաբաղին՝ 5 միլիոն դոլար, իսկ ռազմական օգնության չափը մնում է նույնը՝ 5 միլիոն 750 հազար:

Սենատն իր լիագումար նիստում հարցը քննության կառնի ու որոշում կկայացնի մինչեւ ընթացիկ շաբաթավերջ: Դրանից հետո Սենատն ու Ներկայացուցիչների տունը կկայացնեն համաձայնեցված որոշում՝ հարթելով առաջարկվող գումարների տարբերությունները:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG