Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարությունը, թե Ադրբեջանի պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հայ համայնքին անվտանգության երաշխիքներ եւ արտոնյալ իրավունքներ տրամադրել, ենթադրում է. - «Ըստ ամենայնի, խոսքը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հետագայում հանրաքվեի միջոցով սեփական կարգավիճակի հարցը լուծելու հնարավորություն տալու մասին է, եւ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների այս փուլում հենց այս խնդիրն էլ քննարկում են»: Այս տարբերակը, ըստ մեկնաբանի, «առաջին հայացքից հայկական կողմի համար խիստ ձեռնտու է, բայց իրականում ամեն ինչ կախված է դետալների ճշգրտումից». - «Ու եթե անգամ այդ դետալները ճշգրտվեն Հայաստանի համար ընդունելի տարբերակով եւ համաձայնությունը տեղի ունենա հենց այս համատեքստում, ակնհայտորեն մենք ձեռքի տակ կունենանք ավելի շատ փուլային, քան թե փաթեթային լուծում, որովհետեւ խաղաղության պայմանագրի ստորագրման պահին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը ճշգրտված չի լինի»: «Հայկական ժամանակ»-ը այս սցենարից բխեցնում է. - «Այդ լուծումը, սակայն, որեւէ ընդհանրություն չի ունենա այն շեշտադրումների հետ, որոնց վրա հենվելով՝ իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, եւ գուցե ավելի մոտիկ կլինի հարցի կարգավորման տերպետրոսյանական տարբերակին»:

«Համաձայնությունը հաղթում է հեղափոխությանը» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ը ընդգծում է. - «Սահմանադրական բարեփոխումների գործընթացի առջեւ ներկայումս բացվող փայլուն հեռանկարները դառնում են նաեւ նոր մեկնակետ Հայաստանում մինչեւ այժմ ծավալվող ներքաղաքական գործընթացների համար: Վրա է հասնում փոխադարձ թշնամանքի, անիմաստ ու ծիծաղելի դարձող հեղափոխության կոչերի հաղթահարման, սահմանադրության բարեփոխված նախագծի ընդունումը իր բարեհաջող ավարտին հասցնելու եւ 2007-ի խորհրդարանական ու 2008-ի նախագահական ընտրությունների «խաղի կանոնները» վերջնականապես հստակեցնելու ժամանակը»:

«168 ժամ» թերթի մեկնաբանությամբ՝ իրականում Հայաստանի իշխանությունները անցած ամբողջ ընթացքում չկարողացան «ֆռռացնել» եվրոպացիներին եւ արդյունքում ստիպված եղան ընդունել նրանց բոլոր առաջարկությունները». - «Բայց հո չե՞ն կարող ասել, թե հզոր ղեկավարի թափը չի հերիքել, եւ նա զիջել է եվրոպացիներին: Դրա համար պետք է տեղի ունեցածը ներկայացնել որպես Հայաստանի ձեռքբերում... Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ինքը թիկունք է կանգնելու սահմանադրական բարեփոխումներին եւ հասարակությանը համոզելու է, որ այն դրական փոփոխություն է Հայաստանի ապագայի համար»: «Սա արդեն լուրջ քայլ է հանրաքվեն տապալելու համար», - խայթում է թերթը, - «քանի որ հասարակությունը հազիվ թե կողմ լինի մի բանի, որի թիկունքը Քոչարյանն է... Իսկ եթե հասարակությունը «ոչ» ասի սահմանադրական փոփոխություններին, իշխանությունները դա կօգտագործեն որպես ապացույց, որ մեր ժողովուրդն իսկապես ուրիշ մենթալիտետ ունի եւ ցանկանում է հզոր ղեկավար ունենալ», - խորացնում է «168 ժամ»-ը:

«Առավոտ»-ի գնահատմամբ եւս՝ «շատ հեշտ է տապալել հանրաքվեն, քանի որ մեր բնակչության ճնշող մեծամասնությանը Սահմանադրությունը՝ հին թե նոր, բարեփոխված թե չբարեփոխված, բացարձակապես չի հետաքրքրում». - «Այնպես որ, ամեն ինչ կախված է իշխանությունից. եթե ընտրակաշառք բաժանի եւ հետո թվերը կեղծի, ուրեմն կլինի՝ «այո»: Եթե դա չանի, ուրեմն կլինի՝ «ոչ»:

«Դեռ շատ մեկնաբանություններ կլինեն», - արձագանքում է «Գոլոս Արմենիի»-ին: - «Կասեն, թե նախագահն ու կոալիցիան զիջումների գնացին Եվրախորհրդի ճնշման տակ, որ Հայաստանի իշխանություններին սպառնացին «դեղին քարտ» ցույց տալ, որ այս ամենը ընդդիմության տիտանական աշխատանքի արդյունք էր, որ Վենետիկի հանձնաժողովը ընդդիմության կողմն անցավ, որ նախագահն իբր վախեցավ, քանի որ հակառակ դեպքում հեղափոխությունն անխուսափելի էր եւ արմատականներին կօգներ Արեւմուտքը»: Բայց, թերթի գնահատմամբ, դրանից էությունը չի փոխվում. - «Մեր երկիրը, նախագահի, կոալիցիայի ու ընդդիմության եզակի միաբանությամբ, եւս մեկ կարեւոր քայլ արեց եվրոպական հանրությանը ինտեգրվելու ճանապարհին... Այդպիսի համաձայնություն չափազանց հազվադեպ է լինում»:

Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը «168 ժամ» թերթում հաստատում է, որ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի տերն ինքն է: Թղթակցի հարցին, թե 180 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան որտեղի՞ց է ձեռք բերել հյուրանոցը կառուցելու համար անհրաժեշտ միլիոնավոր դոլարները, Հայկ Ճշմարիտյանը պատասխանել է. - «Դա իմ պրոբլեմն է»:

Ուսումնասիրելով բուհական քննություններին դիմորդների պատրաստվելու շրջանը՝ նույն թերթում Արա Գալոյանը հաշվարկում-վերլուծում է. - «Բուհական դասախոսների մոտ տարեկան մասնավոր դասեր է առնում առնվազն 10-12 հազար դիմորդ: Ամեն տարի մասնավոր պարապմունքների համար դիմորդները վճարում են առնվազն 10 միլիոն դոլար: Այսքան լուրջ դրամաշրջանառություն ունեցող ոլորտը ամբողջովին ստվերային է՝ այսինքն դուրս է հարկային հաշվից»: Մի շարք օրինակներ բերելով՝ մեկնաբանը եզրահանգում է. - «Պարապող դասախոսների համքարությունն իր կազմակերպվածությամբ կարողացավ բուհական ընդունելության քննությունների պահանջները կտրել դպրոցական ծրագրերից... Ու՞մ մտքով կարող է անցնել, որ կարելի է փոխել Արգիշտի կամ Դանթե անունների գրելաձեւը, բայց եթե մեջը «քյար կա», «ռեպետիտորի» մտքով կարող է անցնել. քերականական խառնաշփոթը նրանց ձեռնտու է»:

«Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են ասպիրանտուրայի ընդունելության կարգի բազմաթիվ թերություններ», - գրում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ փոխանցելով, որ երեկ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ասել է. - «Հաստատված կարգերը թերի են եւ չեն ապահովում օբյեկտիվ ընտրություն: Ակնհայտ է, որ այստեղ դեր է խաղում զինծառայության խնդիրը, որը դեֆորմացնում է ամբողջ գործընթացը: Պետպատվերի շրջանակում ասպիրանտուրայի ընդունելության 224 տեղերն ամբողջությամբ զբաղեցրել են միայն տղաները»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG