Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Հայ-թուրքական սահմանի բացումը կուժեղացնի լարվածությունը Հարավային Կովկասում»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե հայ-թուրքական սահմանի բացումը կուժեղացնի լարվածությունը Հարավային Կովկասում:

«Պաշտոնական Բաքուն կողմ է, որ Թուրքիան շարունակի իրականացնել Հայաստանի նկատմամբ ներկայիս քաղաքականությունը», - թուրքական «Զաման» թերթի հարցազրույցում հայտարարել է Մամեդովը:

«Մեզ քաջ հայտնի է Հայաստանի քաղաքականությունը: Ինչպե՞ս փոխվեց Երեւանի դիրքորոշումը Անկարայի նկատմամբ՝ Թուրքիայի կողմից օդային կապը բացելուց հետո», - նշել է նա՝ շեշտելով, թե «թուրքական կողմի այդ քայլը միայն ավելացրեց ճնշումը Հայաստանի կողմից»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի կարծիքով, «օգտվելով Սփյուռքի աջակցությունից՝ Հայաստանը երկակի քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ»: Ըստ նրա՝ «Հայաստանը մի կողմից հայտարարում է Թուրքիայի հետ մերձենալու ցանկության մասին, մյուս կողմից՝ ավելացնում Թուրքիայի հետ սահմանին տեղակայված զորքերի քանակը»:

Նովրուզ Մամեդովը անդրադարձել է նաեւ «Հայոց ցեղասպանության հարցում հակաթուրքական քարոզարշավի խնդրին»:

«Ցավոք, մինչեւ վերջերս Թուրքիան այս խնդրի նկատմամբ անտարբեր էր, մինչդեռ կարող էր խնդիրը լուծել մինչեւ 21-րդ դար մտնելը», - հայտարարել է Մամեդովը՝ ավելացնելով, «թե այս հարցում Անկարային ամենամեծ աջակցությունը ցուցաբերում է Բաքուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG