Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Ադրբեջանին եւ Հայաստանին 5-ական միլիոն դոլարի ռազմական օգնության հատկացման որոշումը


ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է 2006 թվականի ֆինանսական տարում Ադրբեջանին եւ Հայաստանին հավասարության հիմունքներով 5-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերելու մասին որոշումը:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, պալատը 393 «կողմ» եւ 32 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2006 թվականի օտարերկրյա օպերացիաների համար հատկացումների օրինագիծը:

Կոնգրեսականները հրաժարվել են հաստատել Ուզբեկստանին 4 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումը՝ պատճառաբանելով «Ուզբեկստանում փոփոխվող հանգամանքներով»:

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից օրինագծի ընդունումից հետո այն պետք է համաձայնեցվի Սենատի տարբերակի հետ, որի քննարկումը Սենատի հատկացումների հանձնաժողովում սկսվել է երեքշաբթի օրը:

Այս ամիս ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթակոմիտեն քվեարկությամբ հաստատել էր 2006 թվականի ֆինանսական տարում Հայաստանին շուրջ 68 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերելու մասին որոշումը:

Չնայած նախկին խորհրդային հանրապետություններին ցուցաբերվող օգնության նվազման ընդհանուր միտմանը, ենթակոմիտեի անդամները քվեարկել են Հայաստանին 67,5 միլիոն դոլարի, Լեռնային Ղարաբաղին՝ շուրջ 5 միլիոն դոլար օգնություն տրամադրելու մասին որոշման օգտին:

Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնությունը 12,5 միլիոն դոլարով ավելին է այս տարի ավելի վաղ նախագահ Բուշի վարչակազմի՝ Կոնգրեսին ներկայացրած օգնության ծավալից: Իսկ ընդհանուր առմամբ, նախկին խորհրդային հանրապետություններին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող օգնությունը նվազելու է մինչեւ 477 միլիոն՝ 2005 ֆինանսական տարվա 555 միլիոն դոլարի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG