Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը հաստատել է Թուրքիայի հետ բանակցությունների մտադրությունը


Ինչպես Բրյուսելում չորեքշաբթի օրը հայտարարել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար 0լի Ռենը, Եվրահանձնաժողովը այսօր վերահաստատել է, որ Եվրամիությունն անդամակցության հարցի շուրջ բանակցելու է Թուրքիայի հետ, սակայն՝ «առանց երաշխիքների»:

Բանակցությունները, ինչպեսեւ ծրագրված էր, սկսվելու են այս տարվա հոկտեմբերի 3-ից: Անդամակցությունը հնարավոր է 2014 թվականից ոչ շուտ:

0լի Ռենը փոխանցել է, որ որոշումն այսօր ընդունվել է թեժ վեճերի արդյունքում: Եվրամիության մի շարք երկրներում հանրությունը չի ողջունում Թուրքիայի անդամակցության գաղափարը:

Թուրքիան, իր հերթին, հայտարարել է, թե չի ընդունի անդամակցելուն վերաբերող որեւէ նոր նախապայման:

Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունիսի 28-ին Բրյուսելում Եվրամիությանը կոչ է արել բավարարել Թուրքիայի դիմումը եւ «այդպիսով ապացուցել, որ Եվրամիությունը քրիստոնյաների ակումբ չէ»: Թուրքիայի վարչապետը ասել է, որ Եվրամիությունը պետք է դառնա մի կառույց, որտեղ «հաշտության են գալու քրիստոնեական եւ մահմեդական մշակույթները»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG