Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը կքննարկի Ծալկայում ստեղծված իրավիճակը


Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւտորաձեն եւ Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը այցելելու են Ջավախքի Ծալկայի շրջան՝ տեղի բնակիչների եւ վրացական հատուկ ստորաբաժանման ծառայողների միջեւ հակամարտության պատճառները պարզելու նպատակով:

«Իրավիճակը Ծալկայում քննարկվելու է Վրաստանի խորհրդարանում: Մեր կոմիտեն դիտարկում է Վրաստանի բոլոր քաղաքացիների խնդիները՝ անկախ նրանց ազգությունից», - ըստ «Կավկազպրես» գործակալության, նշել է Ելենա Թեւտորաձեն:

Նա հայտնել է, թե մտադիր է հանդիպել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելիտոնյանին, որը վրացական հատուկ ստորաբաժանման ծառայողների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել անցած մայիսին:

Հայաշատ Ծալկայում իրավիճակը կտրուկ սրվել էր կիրակի օրը տեղի էր ունեցած միջադեպից հետո, երբ հատուկջոկատայինները հրազենից վիրավորել են տեղի բնակիչ Լեւոն Նազարեթյանին:

Տեղացիները պնդում են, թե հատուկջոկատայիններն են մեղավոր, իսկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, ըստ «Ինտերֆաքսի», հաղորդում է, որ ինքը՝ Լեւոն Նազարեթյանն է մեղավոր, քանի որ չէր կանգնեցրել իր մեքենան ոստիկանների պահանջով եւ փորձել էր փախուստի դիմել:

Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատը Ծալկայի շրջան էր մտցվել մի քանի ամիս առաջ, երբ այստեղ բախումներ էին տեղի ունեցել հայերի եւ Աբխազիայից եկած վրացիների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG