Մատչելիության հղումներ

logo-print

Ալիեւը բացառում է հասարակական ընդվզումների հնարավորությունը Ադրբեջանում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրը թուրքական CNN-Turk հեռուստաընկերության հարցազրույցում բացառել է Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում իշխանափոխության պատճառ դարձած հասարակական ընդվզումների կրկնության հնարավորությունը Ադրբեջանում:

«Նման բան Ադրբեջանում անհնար է: Որոշ ընդհանրություններ կարող են լինել, սակայն յուրաքանչյուր երկիր ունի իր պատմությունը, ուրույն ուղին: Ես չեմ տեսնում նման հուզումների պատճառները Ադրբեջանում», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, հայտարարել է Իլհամ Ալիեւը:

«Այդ երկրներում կառավարության եւ ժողովրդի միջեւ վստահություն չկար... Ժողովուրդը չէր ընդունում կառավարության գործունեությունը… ժողովուրդը փոփոխություններ էր ուզում», - ասել է Ալիեւը:

«Ասոշիեյթեդ Փրես»-ը հիշեցնում է, որ արդար ընտրությունների պահանջով Ադրբեջանի ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքների եւ ցույցերի ժամանակ բախումներ են եղել ոստիկանության հետ, որոնց արդյունքում 1 մարդ զոհվել եւ 200 մարդ վիրավորվել է: Դեպքերի նման զարգացումը արեւմտյան որոշ վերլուծաբանների առիթ է տալիս ենթադրելու, որ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կարող են հասարակական ընդվզումների պատճառ դառնալ:

Սակայն, ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ը, Իլհամ Ալիեւի կառավարությունը հերքում է հնարավոր ընտրակեղծիքների մեղադրանքները եւ անտեսում Ընտրական օրենսգիքը փոխելու ընդդիմության պահանջը:

«Որեւէ խնդիր այստեղ չի լինելու: Ընտրությունները կլինեն հիանալի, ժողովրդավարական եւ թափանցիկ», - CNN-Turk հեռուստաընկերությանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG