Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Ես պարզապես ուզում եմ, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի առանց արյունահեղության՝ խաղաղ ճանապարհով»


Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի՝ չորեքշաբթի օրը Բաքու կատարելիք երկօրյա պաշտոնական այցի նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել CNN-Turk հեռուստաընկերությանը:

«Մենք հույսեր ունենք, քանի որ աշխարհում տարբեր գործընթացները Հայաստանի օգտին չեն: Ադրբեջանը՝ որպես եվրատլանտյան տարածաշրջանի մաս, սերտ հարաբերություններ է հաստատում Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ: Հայաստանը այլ քաղաքականություն է վարում, Հայաստանի դաշնակիցներն ուրիշ են», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ալիեւը վստահությունն է հայտնել, թե «Հայաստանը տնտեսական առումով չի կարող մրցել Ադրբեջանի հետ: «Ադրբեջանի բյուջեն չորս անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, եւ ես ուղենշել եմ կառավարությանը, որ այն պետք է տասը անգամ գերազանցի Հայաստանի բյուջեն», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Արդյո՞ք սա նշանակում է, որ զարգացումներն Ադրբեջանի օգտին են» հարցին Իլհամ Ալիեւը դրական պատասխան է տվել՝ նշելով, թե «դաշինքը Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ շատ կարեւոր է, քանի որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը տարածաշրջանում շատ կարեւոր ուժ են դառնում»:

«Ես կասկած չունեմ, որ մենք կլուծենք ղարաբաղյան խնդիրը: Ես պարզապես ուզում եմ, դա առանց արյունահեղության՝ խաղաղ ճանապարհով տեղի ունենա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը CNN-Turk հեռուստաընկերությանը:


Աննա Սաղաբալյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG