Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մեկուկես ժամանոց առանձնազրույց է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետ: «Դեսպանը շեշտել է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունը, միջազգային հանրության հետ համատեղ, սպասում են 2007 եւ 2008 թվականների ընտրություններին, եւ որ ԱՄՆ կառավարությունը բոլոր կողմերի հետ կտանի համապատասխան աշխատանք այդ ընտրություններն անցկացնելու համար», - թերթին փոխանցել են դեսպանատան լրատվական ծառայությունից: «Այսինքն՝ Ջոն Էվանսը ուզում է հասկացնել, որ ԱՄՆ-ում Արամ Սարգսյանին հեղափոխություն անելու «դաբրո» էլ չեն տվել», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Իրավունք»-ը շարունակում է Հայաստանում հեղափոխության հնարավորության փնտրտուքները: «Անգամ եթե Սահմանադրության հարցում տիրի կատարյալ համաձայնություն, եւ ժամանակավրեպ դառնա սահմանադրական հանրաքվեն Ռոբերտ Քոչարյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի վերածելու կարգախոսը, այնուամենայնիվ հեղափոխության առիթներ միշտ էլ կգտնվեն՝ թեկուզեւ աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ», - ուրվագծում է «Իրավունք»-ը՝ շեշտադրելով, որ այդ ընտրություններին հանրապետությունով մեկ իր նորաստեղծ կուսակցությունով մասնակցելու հայտ է ներկայացրել Սամվել Բաբայանը:

«Այսօր երկրի համար ստեղծվել է համաձայնության առանձնահատուկ հնարավորություն», - «Հայոց աշխարհ»-ում ընդգծում է Մհեր Շահգելդյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացում կոալիցիա - ընդդիմություն համագործակցության հնարավորությանը: Նույն թերթում կոալիցիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը ողջունում է, որ «Ազգային միաբանություն»-ը որոշել է մասնակցել քննարկումներին: «Դա ողջամիտ մոտեցում է», - խրախուսում է նա: - «Եթե Վենետիկի հանձնաժողովի հետ կայացվում են սկզբունքային պայմանավորվածություններ բոլոր վիճելի խնդիրների վերաբերյալ, միաժամանակ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում ընդդիմությանը մասնակցել եւ իր ներդրումն ունենալ գործընթացում՝ հետագա բոյկոտը դառնում է ուղղակի անիմաստ... Կարծում եմ` իրատես քաղաքական գործիչ լինելով, Արտաշես Գեղամյանը բավականաչափ լավ է ընկալում իրավիճակի այս նրբերանգը, որովհետեւ յուրաքանչյուր մարտավարություն արդարացված է այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել», - ընդգծում է Գալուստ Սահակյանը:

«Չորրորդ իշխանություն» թերթի ամփոփմամբ, անցած շաբաթ իշխանությունները մեկ հիմնական մտահոգություն ունեին՝ «այնպես անել, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում կրած խայտառակ պարտությունը կարողանան ներկայացնել որպես հաղթանակ». - «Պրոբլեմը բավականին բարդ է, քանի որ Քոչարյանը ժամանակին հայտատարել էր, թե Եվրախորհուրդը մեզ համար պոլիտբյուրո չէ, եւ հիմա անհրաժեշտություն կա բացատրելու, թե ինչո՞ւ տարածաշրջանի ամենամարտունակ նախագահը գլուխը կախ ընդունեց պոլիտբյուրոյի բոլոր առաջարկները»:

«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հենց ձեզ հետ կատարվեց պատահարը» «Իրավունք»-ի հարցին Ղարաբաղում ծեծի ենթարկված Պավել Մանուկյանը պատասխանել է. - «Մեղուն ինչո՞ւ է անընդհատ գնում ծաղկի մոտ՝ որովհետեւ նեկտար կա: Իսկ մեզ նման տղաները միշտ նեկտար ունեն»:

«Ազգ»-ի փոխանցմամբ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը դատապարտել է Կիեւի իշխանություններին, որոնք նախօրեին դեմ են արտահատվել Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշելու՝ Ղրիմի խորհրդարանի որոշման դեմ: «Պաշտոնական Կիեւի բացասական արձագանքը ցույց է տալիս ուկրաինական իշխանության անհասունությունը եւ ժողովրդավարական պետությունների ընկերակցությանն անդամակցելու այդ երկրի պատրաստ չլինելը», - Աբրահամյանի խոսքերն է փոխանցում «Ազգ»-ը:

«Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը՝ գտնելով, թե Իրանի նախագահի պաշտոնում Մահմուդ Ահմադինեջադի ընտրությունը վերստին սրում է աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում, վերլուծում է. - «Ահմադինեջադի հաղթանակը կղերական համակարգը փրկելու մի փորձ է, եւ բխում է ինքնապահպանման բնազդից... Նրա ընտրությունը Իրանի նախագահի պաշտոնում կարելի է համեմատել խորհրդային ԳԿՊՉ-ի հետ, երբ ԽՍՀՄ պահպանման իբր ջատագովները փորձում էին Գորբաչովին հեռացնելու միջոցով փրկել ԽՍՀՄ-ը: Արդյունքում ստացվեց հակառակը, եւ մեծ է հավանականությունը, որ նախագահ Ահմադինեջադը չի կարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրը»:
«Քիչ հավանական է թվում, որ 21-րդ դարում Իրանում հաստատված ռեժիմը կենսունակ դուրս կգա, եւ թերեւս այն, ինչը Խաթամիի բարեփոխականությունը առաջարկում էր անել անցնցում, այսինքն՝ փուլ առ փուլ, Ահմադինեջադի իշխանության արդյունքում տեղի կունենա միանգամից, այսինքն հեղափոխական, տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ հակահեղափոխական ճանապարհով», - գրում է թերթը:


«Առավոտ»-ի մեկնաբանը նկատում է. - «Վլադիմիր Պուտինը դարձյալ ամբողջ աշխարհից առաջ ընկելով «ափալ-թափալ» շնորհավորեց Մահմուդ Ահմադինեջադին՝ Իրանի նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այնպես է ստացվել, որ ցայժմ Պուտինի շնորհավորանքները բավականին հաճախ առնչվում են ակնհայտ հետադեմ եւ ընտրակեղծիքներով նախագահ հռչակված անձանց»: Դժվարանալով գնահատել, թե ինչպես կզարգանան Հայաստան - Իրան հետագա հարաբերությունները՝ «Առավոտ»-ը միաժամանակ նշում է, - «Նոր իրավիճակը, անշուշտ, շատ մտահոգությունների տեղիք է տալիս»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG