Մատչելիության հղումներ

Իրանի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեջադի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին:

ԻՐՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մոհամադ Ռեզա-Բահոնարն ասել է, որ նախօրեին՝ օգոստոսի 3-ին տեղի կունենա մեկ այլ արարողություն, որի ընթացքում Ահմադինեջադը պաշտոնապես կհայտարարվի Իրանի իսլամական հանրապետության 6-րդ նախագահ:

Իրանի օրենքների համաձայն, նախագահի երդման արարողությունը տեղի է ունենում խորհրդարանում՝ երկրի գերագույն դատական իշխանության ղեկավարի եւ պատգամավորների ներկայությամբ:

Իսլամական պահպանողական շրջանակների ներկայացուցիչ, Թեհրանի նախկին քաղաքագլուխ Մահմուդ Ահմադինեջադը նախագահ է ընտրվել անցած ուրբաթ օրը՝ ընտրությունների երկրորդ փուլում առավելության հասնելով նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի նկատմամբ:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ կապակցությամբ երկուշաբթի օրը ուղերձ է հղել հարեւան երկրի նորընտիր նախագահին:

«Հուսով եմ, որ ձեր նախագահության շրջանում հարաբերությունները մեր երկրների միջեւ կպահպանեն զարգացման դրական դինամիկան», - ուղերձում նշել է Հայաստանի նախագահը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG